Այս էջը հաստատված է

սրին. դրա պատճառը եղել է այն, որ ամեն մի իշխան, յուր տոհմն ապահովել մտածելով կամ սիրելիների կյանքը խնայելով՝ ձեռնպահ է մնացել ընդհանուր գործին մասնակցելուց։ Երկրի ժողովուրդը զոհ է գնացել այն երկչոտ զգացմունքներին, որոնք մի ժամ առաջ պաշարել էին իմ սիրտը։ Փրկության սեղանը դադարել է ազատություն բաշխելուց, որովհետև այդ սեղանի վրա զոհ մատուցանող չկա... Բայց ես հրապարակական խոստում արի. ես ահավոր երդում երդվեցա. ինչպե՞ս կարող եմ այդ երդման դրժել... Իմ Գոռը հավիտյան հո չի ապրելու. մահը վաղ թե ուշ պիտի փակե նրա աչքերը, կարող է պատահել, որ նա մեռնի հենց իմ հարկի տակ, մի ապիրատ դավաճանի թաքուն հարվածից... Ինչու՞ ուրեմն չկամենալ, որ այդ մահը հանդիպե նրան հայրենիքի համար մղված կռվի դաշտում. ինչու՞ չցանկանալ որ անփառունակ մահվան փոխարենը նա մարտիրոսական պսակը ստանա, ինչու՞ չմխիթարվել այն քաղցր մտքով` թե աշխարհի մեջ ունեցածս ամենաթանկագին հարստությունը իմ հայրենիքի ազատության նվիրեցի... և վերջապես մի՞թե իմ Գոհարը որդվո մահն լսելուն պես՝ չի կարող հերոս հելլենուհու նման ասել, թե «հենց դրա համար ծնեցի որդիս...»:

Այս մտքերն այնպես ոգևորեցին իշխանին, որ նա չզգաց, թե ինչպե՛ս անցավ Գեղա դարևանդները և հասավ ամրոցի պարիսպներին։

Դռան մոտ թակ չգտնելով, նա վերցրեց մի ահագին որձաքար և զարկեց երկաթապատ դռներին։ Փեղկերը դղրդացին, բայց աշտարակից պահապանի ձայն չլսվեցավ։ Իշխանը նորից կրկնեց յուր հարվածը և այս անգամ միայն պահապանը յուր խռպոտ ձայնը լսեցրեց։

-Բացե՛ք դուռը։ Ի՞նչ քնելու ժամանակ է, հիմարներ, թշնամին ձեր առջևն է,-գոչեց իշխանը։

Մարզպետունու ձայնը ծանոթ էր Գեղա պահակներին: Իսկույն իրար զարթեցնելով դիմեցին նրանք բերդակալին, որ և շտապեց դուռը բանալու։

Իշխանը ներս մտնելուն պես հրամայեց շեփոր հնչեցնել և ամրոցի բնակիչները զարթեցնել: