հաղթելը կամ նրա «հրոսակները» ցրվելը գոհություն չէր պատճառիլ նրան։ Նա որոշել էր դիմել Սևան, առնել նրա բերդը և բռնել այդտեղ ապաստանող հայոց թագավորին։ Այդպիսի արիության գործը միայն կարող էր մոռացնել տալ նրան յուր նախատինքը և սրբել այն արատը, որ ինքը յուր ձեռքով դրել էր հագարացոց դրոշի վրա։
Այդ միջոցներին Նսըր ոստիկանը հեռացել էր դեպի Ատրպատական՝ Գաբավոնացիների ապստամբությունը ճնշելու համար։ նա Բեշիրին կարգել էր Դվինում իբրև լիազոր տեղակալ։ Այդ հանգամանքը, մանավանդ, տանջում էր զորապետին, որովհետև հենց յուր այդ լիազորության օրերում նա ամոթալի պարտություն կրեց Մարզպետունու քսան զինվորներից։ Այդ անլուր նախատինքը նա պիտի աշխատեր մեծագույն մի հաղթանակով ծածկելու։
Եվ ահա՛ նա հրամայեց ժողովել Դվին բոլոր հագարացի զորքերը, բերդերի պահակախմբերը, ետ դարձնել, մինչև անգամ, արաբացի հրոսակներին, որոնք մինչև այն ավերում էին անպաշտպան գյուղերը, և կազմել այդ բոլորից այնպիսի մի բանակ, որի տեսքից միայն թագավորը սարսափեր։
Երբ ամեն ինչ կազմ ու պատրաստ եղավ, նա ելավ Դվինից գիշերանց և ուղղվեցավ դեպի Սևան։
Եվ որովհետև դեռ երկյուղ էր կրում Մարզպետունու անակնկալ հարձակումից, այդ պատճառով նա Գեղա լեռներից չանցավ. այլ Մազազը պատելով՝ մտավ Կոտայք։
Գևորգ Մարզպետունին, ընդհակառակը, սպասում էր Բեշիրին Գեղա ամրոցում, որովհետև հավատացած էր, թե նա իրանից միայն պետք է յուր պարտության վրեժն առնե։
Երեք օրից ետ հագարացոց բանակը Գեղամա ծովափունքը բռնեց, զարկելով յուր վրանները ուղիղ Սևանա հանդեպ։
Բայց Բեշիրը, որ բնավ գաղափար չուներ այդ կղզու մասին, մնաց տարակուսած, երբ տեսավ նրան չորս կողմից ջրով շրջապատ։
-Ինչպե՞ս պիտի գրավենք այս տարօրինակ ամրոցը,-մտածեց նա ինքն իրան և խորհրդի հրավիրեց յուր գնդապետներին։
Նրանցից ոմանք խորհուրդ տվին լաստեր կազմել տալ և