կարծում եմ, քարկոծել կարող են, հետևապես, երբ իմ զինվորները կսկսեն նետահարել և կամ կարթերով լաստերը քաշել, նրանք էլ իրանց տարափը կտեղան։
-Այդ կարող ենք անել...
-Թույլ չենք տալ, որ կղզուն մի լաստ մոտենա...
-Բոլորին կխորասուզենք...
Այս ու այն կողմից եռանդով խոսեցին միաբանները:
Տակավին այս խորհրդի մեջ էին թագավորն ու կղզեցիք, երբ արքայի թիկնապահներից մինը ներս մտնելով հայտնեց, թե թշնամու կողմից ղրկված մի նավակ գալիս է դեպի կղզին։
-Թույլ տվեք, որ մոտենա. մի նավակը մեզ չարիք բերել չի կարող,-հրամայեց թագավորը։ Ապա ելնելով յուր կացարանից՝ պատվիրեց թիկնապահներին սպառազինվել իսկույն և իջնել կղզու տափարակը։ Նույն տեղ ժողովելու պատվեր տվավ նաև միաբաններին։
Երբ ամենքը հավաքվեցան, թագավորը նույնպես իջավ այդտեղ և զինվորները առաջից, իսկ միաբանները վերջից կարգերով, կանգնեցրեց նրանց կղզու մուտքի կամ պարիսպների առաջ այնպիսի մի ձևով, որ ափին մոտեցողը կկարծեր, թե կղզին լիքն է զորքերով։
Նավակը, որ վարում էր ցամաքաբերդցի մի հայ, մոտեցավ ափին։ նրա մեջ նստած էին երկու հագարացի իշխաններ և մի քանի զորական։ Ելնելով ցամաք, նրանք հայտնեցին, թե Բեշիր զորապետի կողմից պատգամ են բերել հայոց թագավորին, ուստի կամենում են տեսնել նրան։
Արքայի հրամանով թիկնապահները առաջնորդեցին նրանց դեպի արտաքին տունը, ուր գտնվում էր այդ ժամանակ թագավորը։ Նա չէր ցանկանում, որ օտարները կղզու ներսը տեսնեն, ուստի պատգամավորներին ընդունեց այդտեղ։
-Ինչ բարի հրաման,-հարցրեց թագավորը ժպտալով։
Պատգամավորները գլուխ խոնարհելով պատասխանեցին.
-Բեշիր զորապետը բարեհաճեց յուր ողջույնն ուղարկել հայոց թագավորին և հայտնել, որ ամիրապետի հրամանով ու դրոշով նա եկել է Սևան կղզին առնելու և իրան, թագավորին,