Այս էջը հաստատված է

-Երկու զորավոր պատճառներ ստիպում են ինձ այդ քայլն անելու,-պատասխանեց թագավորը.-առաջինը՝ իմ արքայական պատվասիրությունը։ Այս գոռոզ հագարացին համարձակվեցավ պատգամավոր ուղարկել ինձ և Սևանը պահանջել, անվանելով նրան ամիրապետի կալված։ Բացի այդ, նա ինձ հրավիրեց յուր բանակը բարեկամության դաշն կռելու, որ իրանց լեզվով կնշանակե` գերության շղթայով կապվելու...։ Այդ թշվառականը, որ ջարդ է կերել Մարզպետունու քսան զինվորներից, այնքան անզոր է համարում հայոց թագավորին, որ համարձակվում է այսօրինակ նվաստացուցիչ առաջարկություն անել նրան։ Այժմ իմ պարտականությունն է հասկացնել նրան, որ առյուծը գառագղի մեջ էլ առյուծի սիրտ է կրում...։ Բացի այդ, Մարզպետունու օրինակը իմ առջևն է. որքա՛ն էլ իմ զինվորների թիվը նվազ, այսուամենայնիվ ես պիտի հարձակվեմ, որովհետև ամոթ է, որ Աշոտ-Երկաթը Գևորգ իշխանի չափ գոնե կորով չարտահայտե այս դեպքում։ Երկրորդ պատճառը, որ առավել զորավոր է, այն է՝ որ կյանքը կորցրել է յուր արժեքը իմ աչքում, նա դարձել է ինձ համար տանջարան, ես աշխատում եմ փախչել նրանից... Այս մասին շատ եմ խոսել քեզ հետ. և դու գիտես, թե որքան իրավունք ունիմ ես մահվան փափագելու... Այժմ ահա հասել է ժամը և ես պիտի օգուտ քաղեմ նրանից... ես վայրկյան առաջ կամենում եմ ազատվել խղճի խայթերից, հոգվո անվերջ տանջանքներից... Եվ այս դեպքում ինձ մնում է տակավին մի մխիթարություն. այդ այն է, որ այս կռվի մեջ ստացածս մահը կարող է իմ անունը փառավորել։ Ես իհարկե, չեմ մտածում իմ հիշատակի, այլ հետնորդների մասին. իմ մահվամբ ես մի խրախուսական օրինակ կթողնեմ նրանց համար...։

-Առաջին պատճառը և՛ հարգելի, և՛ իրավացի է. բայց երկրորդը՝ անիրավ,-պատասխանեց թագուհին։ -Եթե կյանքը բեռն է դարձել քեզ համար և դու կամենում ես նրանից ազատվել, դա քո իրավունքն է. բայց քեզ հետ միասին տանել մահվան դեմ ուրիշ հարյուր հոգի, անիրավացի է։ Այդ մարդիկը գուցե կղզում պատսպարվելով ազատ մնային վտանգից, ինչու՞ աշխարհից ելնելու վայրկենին իսկ ծանրաբեռնվել