Սևանն առնելուց հետո, հետիոտն տաներ նրան Դվին։
«Այն ժամանակ հայերը թո՛ղ ճանաչեն Բեշիրին, թո՛ղ սարսափահար լինին նրա անունը լսելուց. և այն սրիկա իշխանը, որ համարձակվեց գիշերանց իմ բանակի հանգիստը խռովել, թող գա ծնկաչոք ներողություն խնդրելու և Դվինի զնդանում յուր դժբախտ գլուխը լալու...»։
Այս մտքերով էր զբաղված Բեշիրը, երբ Աշոտ արքայի տորմիղն սկսավ մոտենալ ափին։ Հագարացի հրոսակները սկսան ավելի և ավելի խռնվել ավազուտի և ժայռերի վրա։ Մոտեցող լաստերը իրանց զրահազգեստ զինվորներով` տեսնելու գեղեցիկ խաղալիքներ էին թվում նրանց։
Հանկարծ թագավորը կապարճակրի ձեռքից արծաթե աղեղն առնելով գոչեց։
-Ժամանակն է, քաջեր, նետերնիդ տեղացե՛ք...
Զինվորները մի ակնթարթում վահանները ձեռք առան և լայնալիճերը լարելով սկսան արագ-արագ նետաձիգ լինել դեպի հագարացիները։
Մի զարհուրելի աղաղակ ու իրարանցում փրթեց ծովափին։ Արաբացիք գլուխները կորցրած սկսան իրար հրելով և կոխկրտելով դեպի վրանները վազել. բայց քաջաձիգ հայերի նետերը սաստիկ արագությամբ տեղալով հետևում էին նրանց և թավալում շատերին ավազուտի մեջ, ժայռերի վրա կամ նույնիսկ վրանների առաջ։ Ո՛չ մի նետ ապարդյուն չէր սլանում, ո՛չ մի ճայթյուն առանց զոհի չէր անցնում։
Բեշիրը տակավին գեղեցիկ երազներ էր տեսնում, երբ յուր բանակի մեջ փրթող զարհուրելի աղաղակը լսեց. նա շփոթված վեր թռավ տեղից և վրանի դռնում թիկնապահներրին պատահեց, որոնք սրտատրոփ, այլալված հայտնեցին նրան, թե հայերը հարձակվել են իրանց վրա։
-Օ՜ն անդր, ի զե՜ն,-գոռաց նա խռպոտ ձայնով և սուրը հանելով վազեց դեպի առաջ։ Բայց փախչող զորականի խռանը պատահելով` ստիպված եղավ ետ մղվել դեպի յուր թիկնապահները։
Այսուամենայնիվ զորապետն իրան չկորցրեց, նա աշտանակեց իսկույն յուր ամեհի նժույգը, որ բերավ նրան թիկնապահներից մինը և ահավոր սուրը հանելով գոռաց.