կատաղած դիմում էր դեպի Ոստան։ Նա ժողովել էր յուր փախչող զինվորներին, կարգի էր բերել նրանց և գալիս էր չարյաց սկզբնապատճառ Գեղը կործանելու։ Նա գիտեր, որ Մարզպետունին գտնվում է Ուրծաձորում, բայց չէր կարծում, թե բարձրացած կլինի Գեղ։
Այս պատճառով, երբ համահարզներից մինը զգուշացրեց զորապետին Գևորգ իշխանի անակնկալ հարձակումից, նա պատասխանեց.
-Այդ սրիկան թափառում է կիրճերում, նա չի կարող բաց դաշտի վրա հանդիպել մեզ կամ մարդաշատ տեղերում ամրանալ։ Եթե գիշերները զգուշանանք, ցերեկով նա չի համարձակիլ մեզ մոտենալ։
Այս հույսով Բեշիրը Կոտայքն անցավ և մտնելով Ոստան, բանակ դրավ Երանոս գյուղի առաջ Ազատի ափին։
Այստեղից նա բանբեր ուղարկեց Գեղ և պահանջեց բերդի բանալիները։ Նրան թվում էր, թե գեղցիք, ապագա սրածությունից վախենալով, չեն ընդդիմանալ յուր հրամանին։
Բայց որքա՜ն մեծ եղավ նրա զայրույթը, երբ բանբերը ետ դարձավ բացասական պատասխանով։
-Մեր բերդի բանալիները խիստ ծանր են,-ասել էին գեղցիք բանբերին,-դու միայնակ տանել չես կարող, ասա Բեշիրին, որ ինքը գա այն ստանալու։
-Նրանք ուրեմն իմ հրամանը ծաղրեցի՞ն,-գոռաց Բեշիրը։
-Այո՛, տեր. մինչև անգամ հայհոյանք արձակեցին քո դեմ...։
-Հայհոյա՞նք... լավ. ես ջարդել կտամ այդ հայհոյող բերանները... Բայց... որքա՞ն զորք ունիՆ այդ սրիկաները։
-Չգիտեմ, տեր, ինձ թույլ չտվին բերդը մտնելու, աշտարակի վրայից խոսեցին հետս,- պատասխանեց բանբերը։
Զորքի գլխավորները վախենալով անհայտ ուժի դեմ հարձակվելուց, խորհուրդ տվին Բեշիրին իջնել Դվին, հանգիստ տալ զորքերին և ապա կազդուրված ուժով վերադառնալ Գեղ։
-Մինչև այն, մենք միջոց կգտնենք նաև գեղցիների