Այս էջը հաստատված է

Ա

ԱՆՀԱՆԳԻՍՏ ՄԱՐԴԸ

Ախուրյան գետի արևմտյան ափի վրա, այնտեղ, ուր Տեկորի վտակր խառնվելով` գործում է ջրապարփակ մի եռանկյուն, կառուցած էր հինավուրց մի քաղաք։ Հարավային կողմից, որ միակ դյուրամատույցն էր, պատում էին նրան բարձր պարիսպներ և հզոր աշտարակներ. արևելյան և հյուսիսային կողմից ձգվում էր Ախուրյանի խորաձորը, որի հատակում մռնչում էր գետը ահավոր ձայնով. իսկ արևմուտքից պատում էր նրան մի ահագին անդունդ, որի ափերի վրա բարձրանում էին լեռնաձև ժայռեր ու անհեթեթ ամբարտակներ և ձգվելով տարածվում մինչև միջնաբերդը, որ թառած էր քաղաքի հյուսիսային կողմը գտնվող մի ահեղ բարձրության վրա։

Ութ դար առաջ այդ քաղաքը դիցապաշտական մի վեհավայր էր։ Այդտեղ էին ժողովված հեթանոս հայերի գլխավոր սրբությունները, այդտեղ էին գտնվում նշանավոր կուռքերն ու նրանց մեհյանները և այդտեղ էին կատարվում կրոնական հանդեսներն ու մեծածախ զոհագործությունները։ Դա նշանավոր Բագարանն էր, Երվանդ Բ.-ի ձեռակերտը: Այդտեղից կռոց տաճարներից զատ գտնվում էին նաև հոյակապ ապարանքներ, որոնց մեջ ապրում էին արքայազն քրմապետները` իրանց դրանիկներով և հարյուրավոր ծառաներով.