Այս էջը հաստատված է

քեզ գիտցածներս, առանց որևէ մի բան թաքցնելու. մանավանդ որ ասում ես, թե իմ տված տեղեկությունները օգուտ պիտի բերեն գործին։

Այս ասելով Սեդան ուղղեց յուր գիրքը, ծնկների վրա բերավ կապույտ պճղնավորի քղանցքները և աչքերը մի քանի վայրկյան գետնին հառելուց հետո նորից բարձրացրեց նրանց և թագուհու սպասող հայացքին ուղղելով` սկսավ մեղմ և հանգիստ ձայնով շարունակել։

ԹԵ Ե՛ՐԲ ՈՐՈՇՎԵՑ ՍԱՀԱՆՈԻՅՇԻ ԲԱԽՏԸ

-Այն, ինչ որ պիտի պատմեմ, սիրելի թագուհի, շատ տարվա բաներ չեն. նրանցից շատերը գուցե և հիշում ես դու,-այսպես շարունակեց Սեդան յուր զրույցը:-Թեպետ անցյալը նորոգելը շահ չունի քեզ համար, բայց քո վշտերի արմատը նրա մեջ է թաքնված, ուստի եթե կամենում ենք այդ վիշար մեղմել, պետք է որ մի փոքր անցյալով զբաղվենք։

-Այո, Սեդա, անցյալից պիտի սկսես, որովհետև իմ ներկան մեռել է այդ անցյալով... Գուցե քո պատմածների մեջ ես գտնեմ ապացույցներ, որոնք արդարացնեն նրան իմ առաջ... օհ, ինչպես կկամենայիր որ նա արդար լիներ...

-Թագավորի համար է խոսքդ, այնպես չէ՞։

-Զրույցդ շարունակիր, Սեդա, այդ մասին հետո...

-Այո, այն ժամանակ դու դեռ նորատի աղջիկ էիր և ապրում էիր հորդ ապարանքում ուրախ ու անհոգ, ինչպես գարնան առավոտի նորաստեղծ մի թիթեռնիկ... Հանգուցյալ մայրդ սիրում էր քեզ կաթոգին, իսկ Գարդմանա իշխանը յուր ամենաքնքուշ գգվանքները միայն քեզ համար էր պահում։ Դու էիր նաև եղբարցդ հրճվանքի միակ առարկան։ Ինչ զվարճություններով ասես չէին շրջապատում նրանք քեզ։ Սահակ Սևադայի ապարանքը մի զարդ ուներ միայն, այդ գեղանի Սահանույշն էր. ամբողջ Աղվանքը մի աստղ ուներ, այդ Գարդմանի օրիորդն էր։