Այս էջը հաստատված է

պատճառով ժողովուրդը «բռնակալ» անունը տվավ նրան։ Իսկ նա այդ օրից անտարբեր աչքով էր նայում իրան հպատակ չեղող ժողովրդի թշվառության վրա և ուրախանում էր արքայի անհաջողությունները լսելով։

Այս ամենը, սակայն, չարգելեց Հովհաննես կաթողիկոսին ապաստան որոնել ազգից անարգված «բռնավորի» մոտ։ Նա, ինչպես տեսանք, փախավ Բյուրականից հենց այն ժամանակ, երբ Բեշիրը զորքով գալիս էր յուր դաստակերտի վրա և երբ յուր ներկայությունը կարող էր Բյուրականի առումը խափանել։ Բայց նա յուր մերձավորներով դիմեց Բագարան և ապավինեց «բռնավորի» պաշտպանության։

Այդ օրից սկսած սպարապետը հովանավորում էր կաթողիկոսին և վերջինս կատարյալ հանգստություն էր վայելում նրա մոտ։ Բայց, ահա՛, մի գեղեցիկ օր Բագարանի խորաձորն իջավ սպառազեն հեծյալների մի խումբ, որ գալիս էր Վեհափառ հոր ամիսներից ի վեր վայելած հանգստությունը խանգարելու։

Խմբի պետը Գևորգ Մարզպետունին էր. նրան ընկերակցում էին յուր թիկնապահները։

Բայց ինչու՞ համար էր նա դիմում Բագարան։

Պատճառը իշխանի մի նոր դիտավորությունն էր։

Անցել էին ամիսներ։ Մարզպետունու տարած հաղթությունները իրանց արդյուքը բերին։ Հագարացիք հետզհետե հայաբնակ գավառներից չքացան. Բեշիրը յուր ունեցած զորքով փակվեց Դվինում` առանց այնտեղից ելնել համարձակվելու։ Բերդերում ամրացած հայ իշխանները սիրտ առան Մարզպետունու օրինակից և թողնելով պաշարված դրությունները, հարձակվեցան իրանց սահմաններում որջացող արաբացի հրոսակների վրա և վանեցին նրանց ամեն տեղից։ Nորեն խաղաղություն տիրեց, ժողովուրդը շունչ առավ և շինականն ու քաղաքացին սկսան իրանց առտնին գործերով զբաղվել։

Բացի այդ, պետական զորախմբերը, որոնք արքայի երկարատև բացակայության և, մանավանդ, միմյանց հաջորդող անհաջողությանց պատճառով ցրվել էին զանազան կողմեր