Այս էջը հաստատված է

քո զորության վրա, գրավի՛ր նրան. ազատի՛ր քաղաքը հազարացիներից, այն ժամանակ ես կվերադառնամ իմ աթոռը՝ քո կյանքը լիաբերան օրհնելով։

-Կամենում ես անիծիր ինձ, միայն վերադարձիր այժմեն իսկ, քանի ոստիկանը բացակա է Դվինից և քանի իմ զորքերը չեն պաշարել նրան։

-Բայց ի՞նչ օգուտ ունի իմ վերադարձը, բացատրի՛ր վերջապես։

-Բացատրե՞մ...։

-Այո՛։

-Արդյոք իզուր չի՞ անցնիլ իմ գաղտնիք հայտնելը, քանի դու գտնվում ես այս բերդում։

-Ո՛չ, ես իսկույն կհեռանամ, թե համոզվիմ, որ անհրաժեշտ է այդ։

-Բարի։ Օգուտն այն է, վեհափառ տեր, որ ինձ այս միջոցում հարկավոր են Դվինում հավատարիմներ։ Իմ մարդկանցից չեմ կարող ոչ ոքին մտցնել այնտեղ. Բեշիրը նրանց մուտքը կարգելե։ Մինչդեռ դու ազատորեն կարող ես աթոռը վերադառնալ և այդ, մինչև անգամ, կշոյե ոստիկանի ինքնասիրությունը։ Քեզ հետ վերադարձող հոգևորականների հետ ես կմտցնեմ քաղաք իմ մի քանի հավատարիմներին...

-Ոչ մի աշխարհականի թույլ չեն տալ անցնել Դվինի դռներով,-ընդհատեց կաթողիկոսը։

-Գիտեմ, բայց նրանք կմտնեն իբրև վեղարավորներ...

-Աստվա՜ծ իմ... դու ուրեմն ոստիկանի սուրը կախում ես իմ գլխի՞ն...-բացականչեց կաթողիկոսը երկյուղից այլազանելով։

-Մի՛ վախենար, վեհափառ հայր. ես թույլ չեմ տալ, որ ոստիկանը յուր սուրը մերկացնե, ու՛ր մնաց թե կախե քո գլխին։

-Ի՞նչ պիտի անեն քո հավատարիմները։

-Հարկավոր դեպքում խրամատ պիտի փորեն կաթողիկոսարանի նկուղներից մինչև արտաքին պարիսպը։

-Օ՜ն և о՜ն... չեմ կարող ես միանալ այդ խորհրդին: Նա, որ հրամայեց մեզ՝ «տալ զաստուծույնն աստուծո»,