կյանքը. կատարի՛ր այն` ինչ որ քարոզում ես աշակերտներիդ, և քո հիշատակը եկող սերունդները կօրհնեն...
-Ի՞նչ պիտի լինի իմ գործը Դվինում,-հարցրեց վեհափառը։
-Պիտի հովանավորես այն մարդկանց, որոնք քո հոգևոր ծառաների անունով կապրեն կաթողիկոսարանում։ Ցերեկը նրանք պիտի քնեն, իսկ գիշերը գործեն։
-Իսկ եթե մատնիչները մեզ խանգարե՞ն։
-Այն ժամանակ մի քանի մարդկանց մահ կհասնի, նրանց թվում, գուցե, և հայրապետին. բայց այդ զոհերն անհրաժեշտ են։
-Ծանր պայման է այդ...
-Ի՞նչ, մեռնե՞լը։ Կա՞ միթե ավելի դյուրին և սիրելի բան, քան հայրենյաց համար մեռնելը։
-Քաջի և հայրենասերի համար, այո, դյուրին է, բայց...
-Դու քաջ չես, վեհափառ տեր, այդ գիտեմ. բայց հայրենասեր ես, այդ չես ուրանալ։
-Թո՛ղ կատարվի քո կամքը, սիրելի իշխան, եթե աստված մահ է որոշել ինձ համար, կընդունեմ նրան հոժարությամբ։ Մարտիրոսների կարգը չեն դասիլ ինձ, գիտեմ, բայց անեծքը գոնե չի մոտենալ իմ շիրմին,-խոսեց վեհափառը վճռական եղանակով։
-Աստուծով ազատ կմնաս փորձությունից, վեհափառ տեր, բախտն արդեն ծիծաղում է մեզ, անկարելի է, որ այս վերջին ձեռնարկությունը ևս չհաջողե նա մեզ,-հուսադրեց իշխանը կաթողիկոսին։
-Տեսնենք. գուցե աստուած լսե արդարների աղոթքը։
Իշխանը վեր կացավ տեղից, համբուրեց վեհափառի աջը, և շնորհակալություն անելով նրան յուր խնդիրը չմերժելու համար, հարցրեց, թե ե՞րբ կհաճի մեկնել Բագարանից։
- Նույնիսկ վաղը, եթե անհրաժեշտ է շտապել,-պատասխանեց կաթողիկոսը։
-Այո, անհրաժեշտ է. յուրաքանչյուր ավուր կորուստը անփոխարինելի վնաս կարող է բերել մեզ։