Այս էջը հաստատված է

խոսելու և այդ իշխանապետներից պահանջներ անելու։ Այդ վստահությամբ նա դիմեց կաթողիկոսին և այդ վստահությամբ էլ մտավ Երազգավորս։ Բայց այս անգամ, երբ նա ներկայացավ Աբասին՝ բոլորովին կերպարանափոխ գտավ նրան։ Նա ոչ միայն ընդունեց իշխանի առաջարկությունը՝ թագավորի հետ հաշտվելու, այլև հայտնեց, թե պատրաստ է յուր զորքերը նրա հրամանատարության հանձնելու։

-Քո կատարած գործերն ամաչացրին ինձ,-ասաց նա իշխանին անկեղծորեն.-երբ ես իմացա, թե դու Ուրծաձորում հարձակվել ես Բեշիրի զորաց դեմ միայն քսան հոգով, և նույն հարձակումը կրկնել ես Գեղա ամրոցի մոտ և երկու անգամ էլ հաղթություն տարել, այն օրից արդեն ուխտեցի միանալ քեզ հետ։ Այստեղ, Երազգավորսում ես ունիմ բարեկարգ բանակ, առաջնորդիր նրան, ուր որ ցանկալի է քեզ։ Իսկ թագավորին ես կպարզեմ իմ աջը անկեղծ հաշտությամբ և կընդունեմ նրան այստեղ արժանավայել փառքով։ Հարցն այն է, թե կելնե՞ նա Սևանից թե ոչ,-ավելացրեց արքաեղբայրը:

-Եթե նա իմանա, թե դու հաշտության ձեռք ես պարզում իրան, նա ուրախությամբ յուր աթոռանիստը կդառնա։

-Այո, ես հաշտվում եմ նրա հետ, ես ներում եմ նրան յուր թուլությունները, որոնք ներելի չէին իբրև թագավորի... Այո՛, ներում եմ. բայց վախենում եմ, թե նա համառի յուր որոշման մեջ, չվերադառնա Երազգավորս։ Իսկ ես սրտանց կամենում եմ տեսնել նրան նորեն յուր աթոռի վրա... իսկ թագուհին շատ վիշտ է կրել, պետք է նրան սփոփել...։

Մարզպետունին զարմացավ տեսնելով Աբասի խոսքերի մեջ այսքան մեղմություն ու գորով։ Ի՞նչ էր պատահել արդյոք. մի՞թե զղջացել էր նա եղբոր դեմ ունեցած գժտության համար, թե՞ աներոջ հետ գործած դավաճանության հիշատակը տանջում էր նրա խիղճը։

-Ես կերթամ թագավորի մոտ, կխնդրեմ նրան իմ և քո կողմից,-ասաց Մարզպետունին.-հույս ունիմ, թե նա կհարգե մեր խնդիրը։

-Ես նույնպես կընկերանամ քեզ,-ասաց Աբասը։