Այս էջը հաստատված է

-Հեռանա՞մ, և ո՞ւր կարող եմ դիմել. Այրարատում այլևս չկա ինձ համար հանգստյան անկյուն։

-Դու կաթողիկոս ես ոչ միայն Այրարատի, այլ համայն հայոց համար, և ուր էլ որ լինի քո աթոռը, հայերը պարտավոր են պաշտոն մատուցանել նրան։

-Բայց ու՞ր կարող եմ հեռանալ, ո՞վ այլևս կպաշտպանե ինձ,-հարցրեց կաթողիկոսը վշտալի ձայնով։

-Նա, որ այնքան հաճախ հրավիրում էր քեզ յուր մոտ, որ կամենում էր քեզ հովանավորել, բայց որի խնդիրը մերժում էիր դու։

-Ո՞վ...-հարցրեց վեհափառը, չկարողանալով մտաբերել ակնարկած անձին։

-Գագիկ թագավորը։

-Գագիկ թագավո՞րը...-բացականչեց հանկարծ հայրապետը. և նրա տխրամած դեմքը ներքին ուրախությունից զվարթացավ։

-Այո՛, գնա՛ Վասպուրական, Գագիկ Արծրունու մոտ. նա քեզ կհովանավորե և կպաշտպանե։ Եթե Արծրունյաց ոստանում ապրել չկամենաս, կարող ես քաշվել Աղթամարա կղզին. թագավորն այնտեղ անառիկ բերդ, գեղեցիկ դղյակ և հրաշալի եկեղեցի է կառուցել։ Հաստատիր աթոռդ այդ կղզու մեջ, որ Հայաստանի սիրտն է, ժողովի՛ր շուրջդ նոր միարանություն, ծաղկեցրո՛ւ այնտեղ հավատո ուսումը և ծերությանդ օրերն անցրու հանգստության մեջ։

Բռնավորի խոսքերն այն աստիճան հաճո թվեցան կաթողիկոսին, որ սա հուզվելով բռնեց նրա աջը և ջերմագին սեղմելով բացականչեց.

-Աստված, ուրեմն, չէ թողնում ինձ, տե՛ր. նա քո բերանով խոսում է ինձ հետ և փրկության ճանապարհ է ցույց տալիս։ Շնորհակալ եմ քեզանից, անչափ շնորհակալ, պիտի օրհնեմ կյանքդ, քանի կենդանի եմ։ Այո՛, կերթամ Վասպուրական, կքաշվեմ Աղթամարա կղզին, ուր իմ ականջին չեն հասնիլ այլևս անհաճո զրույցներ։ Եվ հայոց կաթողիկոսի գահը թող անխախտ մնա այնտեղ, և իմ հաջորդները օրհնեն քո հիշատակը, որ պատճառ եղար Լուսավորչի աթոռը ապահով վայրում հաստատելու։ Եվ այդտեղ, այո՛, կհաստատեմ