Այս էջը հաստատված է

ամեն անձնվիրության, միայն թե ազատեր սիրելի իշխանին երդման կապանքներից։ Այսպիսով, գոնե, կփոխարիներ մի փոքր նրա երախտիքը։ Բայց ի՞նչ կարող էր անել։ Միակ հնարը ոստիկանի հետ դրած ուխտին դրժելն էր, որ, սակայն, իբրև քրիստոնյա թագավոր նա չէր կարող անել։

Բայց նա սիրով ընդունեց իշխանի մի առաջարկությունը, որի նպատակն էր օրինական ճանապարհով ստիպել ոստիկանին` կատարել իրենց մի պահանջը և կամ պատերազմել իրենց հետ։

-Նսըրի բարեկամությունը մերժելու մենք առիթ չունինք, բայց մեր հափշտակած գույքը ետ պահանջելու իրավունք միշտ ունինք,-ասաց իշխանը թագավորին։-Կաթողիկոսարանի գրավումը ոչ միայն հափշտակություն, այլև սրբապղծություն է, որի նմանը չեն կատարել ո՛չ պարսից մարզպանները և ո՛չ Նսըրից առաջ եղող ոստիկանները։ Եթե այգ անարգանաց վրեժը մենք չլուծեցինք, գոնե պիտի պահանջենք, որ եկեղեցուց հափշտակածը վերադարձնե նա եկեղեցուն։ Այս պատճառով ահա ես կամենում եմ գնալ Վասպուրական և համոզել կաթողիկոսին, որ նա նորեն վերադառնա այստեղ և իբրև եկեղեցվո գլուխ` պահանջե եկեղեցվո սեփականությունը։ Վեհափառն այժմ չի վախենալ նրանից, որովհետև մենք արդեն հաջողության մեջ ենք։ Եթե ոստիկանը նրա պահանջը կատարե, վերջինս կրկին կմտնե յուր աթոռանիստը, իսկ եթե ոչ, այն ժամանակ մենք սրով ձեռք կբերենք այն` ինչ որ մեզ է պատկանում։ Որովհետև ոչ մի պատվասեր ազգ բարեկամության դաշն չի կռիլ մի դրացու հետ, որ բռնաբարում է յուր սրբազան իրավունքները։

Թագավորն իրավացի գտավ իշխանի խոսքերը և հաճություն հայտնեց նրա մտադրության։ Եվ որովհետև վերջինս միտք ուներ նաև դաշնակցել Գագիկ Արծրունու հետ, որպեսզի պատերազմի դեպքում նա միանա Արարատյան իշխանապետության, ուստի հետկար խնդրեց թագավորից, որպեսզի իբրև լիազոր ներկայանա Գագիկին։ Թագավորը տվավ նրան ինքնագիր նամակ։

Մի քանի օրից ետ Մարզպետունի իշխանը յուր