Այս էջը հաստատված է

բախտավոր է արդեն, թե ինձ համար երջանկության նոր արև է ծագել և այդ պատճառով մեր նահանգները հանձնում է Բերին, մեր հինավուրց թշնամուն, որպեսզի իմ սիրտը նոր վշտերով դառնացնե... Բայց եթե գիտենար, որ այս սիրտը վիրապատ ու մահամերձ է արդեն, գուցե, իբրև մարդ, խղճահարվեր... դադարեր չարիքներ գործելուց...։

-Ես կամենում եմ թողնել այս տեղի գործը կամ հանձնել այն մեծ իշխան Աբասին և դիմել Ուտիք. գուցե կարողանամ վտանգի առաջն առնել, քանի ափխազաց թագավորը չէ եկել յուր կապուտը գրավելու,-ասաց Գևորգ իշխանը։

-Գնալ Ուտի՞ք... Այո՛, այդ կարևոր էր... բայց դու շատ հոգնեցար. Հայոց աշխարհը ուրիշ Մարզպետունի չունի, դու պետք է խնայես քեզ։

-Մարզպետունիները աննշան մարդիկ կլինեին, եթե անգործ նստեին։ Հրամայիր ինձ, արքա, վաղն ևեթ ճանապարհվել, գուցե կարողանամ դեռ պիտանի լինել գործին,-հարեց իշխանը։

Թագավորը մի քանի վայրկյան մտածեց և ապա նայեց Մարզպետունու աչքերին։ Նա, կարծես, կամենում էր մի նոր բան ասել, բայց քաշվում էր:

-Մի՞թե որևէ միտք արգելում է քեզ տալ ինձ այդ հրամանը,-հարցրեց իշխանը թագավորին։

-Ո՛չ. դու կարող ես գնալ, և գուցե այս անգամ ազդես նրա վրա... բայց որտե՞ղ հույս ունիս պատահել Ամրամին։

-Ամբողջ Ուտիքը կարող եմ շրջել։

-Ո՛չ, ավելի լավ է գնալ ուղղակի Տավուշ... գուցե նա դեռ այնտեղ լինի։

-Տավո՞ւշ... շատ բարի. ես ամենից առաջ կմտնեմ Գուգարք։

-Ուրեմն կարող ես մի քանի օրից ճանապարհվել:

-Կճանապարհվեմ նույնիսկ վաղը. այստեղ ինձ ոչինչ չի ուշացնում։

-Վա՞ղը... այդպես շո՞ւտ։

-Այո՛. որքան շուտ, այնքան լավ։

Թագավորի սիրտը, կարծես, տեղահան եղավ. մի ուրախ