անհանգստություն, որից սակայն անբաժան էր վշտերի զգացումը, նրա սիրտը պաշարեց։ Եվ նա մոռացավ իսկույն հյուսիսային նահանգները. մոռացավ Բերին, Ցլիկ-Ամրամին... Նրա միտքը սլացավ դեպի Տավուշ, թափանցեց նրա դղյակի ներքին խորշերը և այդտեղ որոնում էր թշվառ բանտարկյալին, այն գեղանի իշխանուհուն, որի հրավառ աչքերը դժբախտ սեր վառեցին յուր սրտում և որ պատճառ դարձավ մի շարք չարիքների...։ Որքա՜ն ժամանակ էր, որ նա չէր տեսել նրան, որքան ժամանակ էր, որ լուր չուներ նրանից։ Արդյոք մեռա՞վ, թե՞ ապրում է դեռ. սիրո՞ւմ է իրան, թե՞ անիծում... ոչինչ չգիտեր։
Մի անգամ միայն, երբ եգերացոց զորքով մտավ նա Գուգարք, լսեց որ Ամրամը փակել է յուր կնոջը դղյակի զնդանում և պահում է նրան ինչպես մահապարտի... Այնուհետև այլևս ուրիշ լուր չառավ։ Իսկ այժմ, ահա՛, երբ Գևորգ իշխանը գնում է Տավուշ, հարկավ մի տեղեկություն կբերե Ասպրամ տիկնոջից... Եվ ինչպե՜ս կցանկանար պատվեր տալ նրան այդ մասին... հրամայել... ո՛չ խնդրել, աղաչել, որ նա մտնե այն խուցը, այն խավարչտին բանտը, ուր փակված է թշվառ սիրո զոհը, խոսե նրա հետ, հայտնե, որ հայոց թագավոր Աշոտ-Երկաթը դեռ հիշում, դեռ սիրում է նրան... որ նա չարաչար տանջվում է տիկնոջ տխուր վիճակը հիշելով, նրա դալկահար դեմքը, նրա լացող աչքերը երևակայելով...։
Բայց մի՞թե կարելի էր այդպիսի պատվեր տալ Մարզպետունուն. այն առաքինի հերոսին, որ աշխարհի մեջ միայն երկու սրբություն էր ճանաչում-հայրենիք և ընտանիք, և որ միայն այդ սրբարանների առաջ էր խոնարհում։
Այդ իհարկե գիտեր թագավորը, ուստի և նրան ոչինչ չպատվիրեց։ Նա գոհ եղավ միայն այն մտածությամբ, թե իշխանը տիկնոջ մասին կլսե անշուշտ Տավուշում մի նորություն և կբերե այն իրան։
Հետևյալ օրը, ինչպես որ որոշված էր, իշխանը յուր թիկնապահներով ելավ Երազգավորսից և ուղղվեց դեպի Գուգարք։