Այս էջը հաստատված է

Ե

ՀԻՆ ՎՇՏԵՐԻ ՎԱԽՃԱՆԸ

Չնայելով որ ձյունը պատել էր արդեն Գուգարաց լեռները և ճանապարհները փակել, այսուամենայնիվ Տավուշի բերդում հեռավոր ճանապարհորդության պատրաստություն էին տեսնում։ Իշխանական դղյակում բազմաթիվ ծառաներ զբաղված էին իրեղեններ դարսելով, բեռներ կապելով կամ պաշար պատրաստելով։ Հպատակ գյուղացիները ներս ու դուրս էին անում դղյակի բակը քաշելով իրանց ետևից գրաստների շարքեր։ Նրանցից ոմանք բեռներ էին բարձում և ոմանք դատարկ վերադառնում, նայելով թե որքա՛ն ուժեղ կամ առողջ էին լինում բերած գրաստները։ Այս բոլոր աշխատությանց հսկում էին այր մարդիկ, և ամբողջ դղյակում չէր երևում ոչ մի կին։ Նույնիսկ հագուստներն ու շորեղենը դարսում էին ծառաներ, չնայելով որ դա աղախինների գործ էր։ Կարծես մի հարվածող խարազան հալածել էր այդ դղյակից բոլոր այն արարածներին, որոնք կին անունն էին կրում։

Աշտարակազարդ դղյակի վերին դահլիճներից մինում, ուր ընդարձակ ծխնելույզի մեջ վառվում էր մեծ կրակ, անցուդարձ էր անում Ամրամ սեպուհը։ Նրա դեմքը տխուր, ճակատը կնճռած և հայացքի մեջ կրակը հանգած էր։ Հարուստ մորուքը, որ իջնում էր մինչև գոտին, ծածկվել էր արդեն սպիտակ ալիքներով և կազմում էր հակապատկերը յուր հագուստին, որ կարված էր միայն սևերից։ Նրա մեջքը չէր գրկում այլևս արծաթե կամար և ոչ էլ գոտին կրում էր ոսկեպատ սուր։ Յուր ձեռքի զարդը մի սև համրիչ էր, որի հատիկները նա շարունակ քաշում էր և համր քայլերով ետ ու առաջ ընթանում։

Հանկարծ նա կանգ առավ դահլճի նեղ և գունավոր ապակիներ ագուցած պատուհանի առաջ և սկսավ ուշադիր նայել դեպի Տավուշի ձորակը, որի լանջերով սրընթաց բարձրանում էր հեծյալների մի խումբ։ Որքան էլ որ սեպուհը լարեց յուր տեսությունը, այնուամենայնիվ չկարողացավ ճանաչել