Այս էջը հաստատված է

-Այո՛, ձեր լեռները մի փոքր սեղմեցին մեզ, այծենակաճները հազիվ էին մեզ սառելուց պահպանում։

-Ինչո՞ւ այս ձյուն-ձմռան հիշեցիր ինձ, տեր Մարզպետունի,-հարցրեց սեպուհը, չկարողանալով կարծես համբերել, որ հյուրասիրության համար սահմանված ժամերն անցնեն։

-Իսկ դո՞ւ ինչու ես այս ձյուն-ձմռան մեջ հեռանում քո երկրից,-հարցրեց իշխանը մեղմով ժպտալով:

-Ես իմ երկիրը հանձնեցի ափխազաց թագավորին և փոխարենն ստացա Ճորոխի ափերը... գնում եմ իմ նոր կալվածը ժառանգելու,-պատասխանեց սեպուհը առանց ակնածության:

-Այդ ես գիտեի... Բայց ինչո՞ւ անպատճառ այս ձյուն-ձմռան մեջ:

-Մի օր ավելի մնալը մահ է ինձ համար... Այս դղյակի սենյակներում ապրում են այժմ դժոխային ճիվաղներ, որոնք օր ու գիշեր անհանգիստ են անում ինձ. ես փախչում, հեռանում եմ նրանցից.. .։

-Դժոխային ճիվաղնե՞ր... ի՞նչ կնշանակե այդ, -հարցրեց Մարզպետունին, տարակուսական մի հայացք ձգելով սեպուհի վրա։

-Այո՛, ճիվաղներ... դու պատահե՞լ ես, տեսե՞լ ես նրանց։

-Ես... Ո՛չ...-պատասխանեց իշխանը և նրան այնպես թվաց, թե սեպուհը խելագարված է։

-Բախտավոր մարդ ես ուրեմն, ում որ ճիվաղները չեն չարչարում, նա անպայման բախտավոր է... Այո՛, ես էլ մի օր այդպիսին էի, բայց իմ բախտը քո թագավորը կործանեց...

-Տե՛ր սեպուհ...

-Հա՛, ի՞նչ է անում այն թշվառականը. ապրում է, այնպես չէ՞. հանդեսնե՞ր է կատարում արքունյաց մեջ... մայրաքաղաքն առնելու վրա է մտածում... և չէ հիշում յուր չարագործությունը...

-Տե՛ր սեպուհ, ես քաղցած եմ, հրամայի՛ր նախ կերակրել