Այս էջը հաստատված է

-Նա ձեզ սոսկ վերակացուներ էր կարգել այդ նահանգների վրա։

-Բայց հետո մենք ապստամբեցանք, տիրեցինք այդ նահանգներին և տիրապետ թագավորը չկարողացավ խլել այն մեզանից։

-Այսուամենայնիվ, այդ նահանգները ձեր ժառանգական ստացվածները չէին, դուք հափշաակեցիք այն տիրանենգությամբ։

-Այո՛, ես չեմ ուրանում, հափշտակեցինք։ Չլիներ Ցլիկ-Ամրամը, Գուգարքն ու Տայքը չէին բաժանվի հայոց թագավորից։ Ես ինքս ստեղծեցի այդ բաժանումը. պատմությունը հայտնի է քեզ. հայտնի է նաև այն պատճառը, որ ստիպեց ինձ այդ անելու։

-Այո՛, հայտնի է. բայց չէ՞ որ դու արդեն քո վրեժը լուծեցիր. զրկեցիր թագավորին յուր ստացվածներից, ստիպեցիր նրան փախուստ տալ քո երեսից, թաքչել Սևանում երկար ամիսներ և ի վերջո` կռվի բռնվել Բեշիրի հետ և մահացու վերք ստանալ յուր կողերում. մի վերք, որ վաղ թե ուշ գերեզման պիտի տանե նրան։ Էլ ուրիշ ի՞նչ ես պահանջում նրանից, ինչո՞ւ քո մի զրկանքի պատճառով հարյուրն ես կամենում փոխարինել։ Եվ վերջապես ի՞նչ հանցանք ունի այդ նահանգների հայ ժողովուրդը, ինչո՞ւ մատնում ես նրանց օտար գազանին։

-Տե՛ր Մարզպետունի, երբ դու խոսում ես, ինձ թվում է թե հանցավոր եմ ես։ Բայց երբ սկսում եմ անցյալը մտաբերել կամ ներկան քննել, այն ժամանակ արածներս շատ չնչին են երևում ինձ։ Աշոտ թագավորը, այո՛, պատճառեց ինձ անփոխարինելի զրկանք, անդառնալի կորուստ։ Նա հափշտակեց իմ անզուգական գանձը, իմ աննման հարստությունը... Ինձ թվում էր, թե վրեժխնդրությունս չի հագենալ, եթե Արարատի ահավոր ժայռերը նրա գլխին չկուտակեմ... Բայց իմ ապստամբությունն ու Ուտիքը գրավելը և ապա յուր փախուստը և Սևանում թաքչիլը բավական հանգցրին վրեժխնդրությանս բոցը։ Ես սկսել էի արդեն հաշտվել իմ դժբախտության հետ։ «Թշնամուս կործանեցի, այժմ թող մոռանամ նրան», մտածում էի ինքս ինձ և պիտի մոռանայի...