են, հոյակապ եկեղեցի է կառուցանում... Ինչո՞ւ համար։ Արդյոք հավիտենականի ա՞չքն է ուզում խաբել, թե՞ ապագա սերունդների անեծքից է կամենում ազատվել... Ինչո՞ւ, ո՜վ բարերար աստված, ինչո՞ւ այդ եկեղեցու կամարները չես փլցնում նրա գլխին, միթե դու պիտի ընդունե՞ս այն աղոթքն ու պատարագը, որ դավաճանի ձեռքով կառուցած եկեղեցում պիտի վերառաքեն քեզ...։
Սեդան այդ հիշատակներով այնպես հուզվեցավ, որ վերջին խոսքերն արտասանելիս նրա շրթունքները դողում և աչքերը փայում էին անսովոր կրակով։
-Մի՛ հուզվիր, մայր Սեդա,-ասաց թագուհին,-Արծրունյաց տոհմը հարուստ է դավաճաններով. բարիք սպասել նրանցից անկարելի է։ Մեհրուժան Արծրունին Շապուհի հետ միացավ, որպեսզի քրիստոնեությունը Հայաստանից բառնա և Արշակունյաց գահը հափշտակե. բայց այդ ժամանակ ազգը ուժ ուներ և դավաճանին չարաչար պատժեց։ Վաչե Արծրունին յուր արբանյակներով Վռամա հետ միացավ և հայոց թագավոր Արտաշիրը նրա ձեռքը մատնելով, Արշակունյաց տերությունը կործանեց։ Գագիկ Արծրունին էլ հագարացիների հետ էր միացել` Բագրատունյաց հարստությունը ջնջելու հուսով, և այդ միայն նրա համար, որ Սմբատ թագավորը մերժել էր նրա ապօրինի խնդիրը, այսինքն` Նախիջևանը չէր տվել իրան, որ Սյունյաց Սմբատ իշխանի հայրենական կալվածքն էր... Չպետք է զարմանալ և վրդովվել, որովհետև ո՛չ փշից խաղող կքաղվի, ո՛չ տատասկից` թուզ։
-Բայց ինչպե՞ս չվրդովվես, երբ տեսնում ես, թե նա այդ բոլոր ոճիրները գործելուց հետո դեռ ապագա սերունդը խաբելու համար էլ հիշատակարաններ է կառուցանում...
-Այդ եկեղեցին հավիտյան չի ապրիլ, Սեդա՛,-ընդհատեց թագուհին,-բայց մատնիչի անունը կմնա անմոռաց։
-Դրա համար էլ հոգացել է Գագիկը։ Ասում են, որ յուր ազդից Թովմա Արծրունի անունով մի վարդապետ գրում է այժմ Արծրունյաց ցեղի պատմությունը։ Հարկավ, այդ վարդապետը պաշտելի դյուցազանց կարգը կդասե յուր ազգակցին: