Այս էջը հաստատված է

այսինքն` զորքը հեռու էր աթոռանիստ քաղաքից, իսկ թագաժառանգն ու իշխանները գտնվում էին Բագարանում: Այդպիսով, առանց դժվարության, նա կարող էր թե՛ արքունիքն ու նրա գանձերը գրավել և թե՝ Աբասին և նրա իշխաններին ձերբակալել:

Այս նպատակով ահա՛ նա մի քանի օր շարունակ առատապես հյուրասիրեց ոչ միայն արքայազն ու իշխանազն հյուրերին, այլև արքայական զորքերին և բոլոր այն աշխարհախումբ բազմությանը, որ հեռավոր թե՛ մոտակա տեղերիդ ժողովվել, լցվել էր Բագարան։ Բացի այդ նա մեծաքանակ ողորմություն բաշխեց կարոտյալներին, իբր թե հանգուցյալ թագավորի հոգվո փրկության համար։ Այս ամենը, արդարև, փոխեցին ժողովրդի ու զորքի կարծիքը «բռնավորի» նկատմամբ, իսկ իշխաններից մի քանիսը, մինչև անգամ, հիացան նրա մեծանձնության վրա։

Տեսնելով այդ հաջողությունը, «բռնավորը» սիրտ առավ «գլխավոր նպատակին» վերաբերյալ մյուս պատրաստությունները տեսնելու։ -Ամենից առաջ նա մարդ ուղարկեց Նսըրի մոտ և հայտնելով նրա յուր դիտավորությունը, խնդրեց օգնել իրան՝ եթե հարկը պահանջե։ Նսըրը, որովհետև հենց այդպիսի առիթ էր որոնում յուր հին վրեժը լուծելու համար, սիրով ընդունեց «բռնավորի» խնդիրը։

Այնուհետև վերջինս հրաման արավ Երասխաձորում գտնվող յուր զորքին տակավ առ տակավ առաջանալ դեպի Երազգավորս, առանց սակայն կասկածի առիթ տալու հետաքրքիր հետամուտներին։

Ապա նա մտածեց Աբասին ու նրա հավատարիմներին ձերբակալելու։ Բայց որպեսզի այդ անելուց ետ պետական զորքը հնազանդի իրան, նա մեծ գումար տվավ յուր մտերիմների ձեռքը, որպեսզի նրանք զորքի գլխավորներին կաշառեն:

Այս ամենը կարգադրելուց ետ՝ նա սկսավ խոսել չեզոք իշխանների հետ և նրանց կարծիքն իմանալ ապագա թագավորի վերաբերմամբ։ «Բռնավորը» հույս ուներ գտնել նրանց մեջ դժգոհներ, որոնք սիրով կմիանային յուր հետ և գործը դրանով կհեշտանար։ Բայց նա հիասթափվեցավ, երբ իշխանները միաբերան մատնացույց արին Աբասի վրա։