-Միակ օրինական թագավորը նա է և ժողովուրդը նրան է սպասում,-ասացին նրանք և փափագ հայտնեցին օր առաջ տեսնել իշխանաց իշխանին յուր եղբոր գահի վրա։
Կաթողիկոսը մինչև անգամ խորհուրդ տվավ նրանց` շտապել, թագավոր պսակել Աբասին, քանի դեռ թշնամիներից վտանգ չէր հասել գահին։
Այս ամենն, իհարկե, անհաճ տպավորություն արին «բռնավորի» վրա, բայց նա յուր դժգոհությունը ծածկեց, մինչև որ իշխանների մեծ մասը հեռացավ Բագարանից։
Սգո առաջին օրերն անցնելուց ետ` այդտեղ մնացել էին միայն թագուհին յուր պալատական տիկնանցով, Աբասը` յուր դրանիկներով, Գարդմանա տեր Դավիթը և Մարզպետունի իշխանը` Գոռ որդու հետ միասին։
Վերջինս, սակայն, գտնվում էր քաղաքից դուրս, որովհետև, հսկում էր զորքերի վրա, որոնք բանակած էին Ախուրյանի մոտ։
Բայց Գևորգ իշխանի համար ծանր էին անցնում օրերը որովհետև կատարելու շատ գործեր ուներ, ուստի անհամբերությամբ սպասում էր այն օրին, երբ Աբասը սգահան լինելով` կվերադառնար Երազգավորս և եղբոր գահը ժառանգելու մասին հարկ եղածը կկարգադրեր։ Մարզպետունին մտածում էր կաթողիկոսի նման, այսինքն, թե քանի թշնամիները խռովություններ չեն հարուցել, պետք էր շտապել թագավոր պսակել Աբասին, որովհետև գահի թափուր ժամանակ ամեն մի դավաճան հրապարակ է հանում յուր հին հաշիվները և հեշտությամբ կուսակիցներ որսալով` խռովում է երկրի խաղաղությունը։ Այս մասին, իհարկե, նա խոսել էր արդեն հավատարիմ իշխանների հետ և կարևոր դեպքում ձեռնտվություն պիտի ստանար նրանցից։
Բայց որքա՜ն մեծ եղավ նրա զարմանքն ու երկյուղը, երբ Սյունյաց Սմբատ իշխանը լուր ուղարկեց իրան, թե Բագարանից ելնելուց ետ` նա հանդիպել էր Աշոտ բռնավորի մի քանի վաշտերին, որոնք Երասխաձորից առաջանում էին դեպի Երազգավորս։ Իշխանն ավելացնում էր, թե ինքը վտանգավոր մի նպատակ է նշմարում զորքերի այս շարժման մեջ և հետևապես խորհուրդ է տալիս Մարզպետունուն` զգուշության