Այս էջը հաստատված է

մարտությունը... ո՛չ ոք այլևս իրավունք չունի ելնել այս ապարանքից... Պահակապետ, կատարի՛ր քո պարաքը...-Այս ասելով նա նշան արավ պահակախմբի գլխավորին և ինքը շուռ եկավ ներս մտնելու համար։

-«Սաւու՛ղ, Սաւու՛ղ, խիստ է քեզ ընդդէմ խթանի աքացել...»,-գոչեց Աբասը և սուրը մերկացնելով «բռնավորի» առաջն առավ. -ու՞ր ես գնում, կանգնի՛ր, երկրորդի՛ր հրամանդ...-որոտաց նա ահավոր ձայնով.-Բագրատունյաց գահի պայազատին իրավունք չունիս անարգելու, կանգնիր և ասա ինձ` ո՞վ ես դու:

-Ես հայոց թագավորն եմ, իսկ դու իմ հպատակը,-պատասխանեց «բռնավորը» և նորեն դառնալով պահակներին` գոչեց.-ի՞նչ եք կանգնել, թշվառականներ։

-Եվ իրավ, ի՞նչ եք կանգնել,-բացականչեց Մարզպետունին և սուրը քաշելով դիմեց առաջացող պահակների վրա։

Վերջինները շրջապատեցին իշխանին և կամենում էին սուրը խլել նրանից։ Այս տեսնելով Աբասը, հարձակվեց նրանց վրա։

-Օ՜ն ուրեմն, կատարենք մեր պարտքը,-գոչեց նա և սկսավ սրի հարվածներով դիմադիր վահանները ջախջախել։

Ընդհարման աղմուկն ամբողջ ապարանքը բռնեց. այս ու այն կողմից դուրս վազեցին արքաեղբոր թիկնապահները և տեսնելով նրան վտանգի մեջ, հարձակվեցին դավադիրների վրա: Սկսվեցավ կանոնավոր կռիվ։

Բարեբախտաբար ընդհարումը հեռու էր կանանոցից և «բռնավորը» փակել էր տվել այդ կողմի անցքերը, այնպես որ թագուհուն ու իշխանուհիներին չէր սարսափեցնիլ այդ կողմի շշուկը։ Բայց դավադիրների խումբը հետզհետե ստվարանում էր, նրանց հարձակումը ծանր կերպարանք էր առնում, փոքր մի ևս և պիտի ընկճեին նրանք արքաեղբորն ու Մարզպետունուն։ Բայց ահա՛, հենց այն վայրկենին, որ մի քանի զորեղ ձեռքեր պրկեցին Գևորգ իշխանի բազուկը և կամենում էին սուրը հանել նրա ձեռքից, գալարափողերը