Այս էջը հաստատված է

որոտացին ապարանքի առաջ և Գոռը սուսերամերկ ընկավ դավադիրների վրա։

-Դժոխքի որդիք, ի՞նչ եք անում,-գոչեց նա զայրագին և սկսավ հարվածել հոր հակառակորդներին։

Երիտասարդ իշխանին հետևեցին յուր թիկնապահները, հետո` դրանիկների խումբը, վերջը` վանանդացիք։ Չանցավ մի քանի վայրկյան և ապարանքի ընդարձակ բակը լցվեցավ զորքերով, որոնք սրեր շողացնելով և նիզակներ ճոճելով սպառնում էին քանդել, կործանել` ինչ որ մի անգամ կդիմադրեր իրանց։

Փոքր ժամանակից ետ հասան ուրի՛շ զորախմբեր, որոնք «բռնավորի» ապարանքը ամեն կողմից պատեցին։

Դավադիր պահակները մի ակնարկում փախել, չքացել էին։ Ընդհարման տեղում մնացել էին միայն մի քանի դիակներ, որոնց արքայական զորքը տրորեց յուր ոտքերի տակ։

Ինչ վերաբերում է «բռնավորին», նա անհայտացել էր հենց գալարափողի ձայնը առնելուն պես։

Արքաեղբայրն ու Մարզպետունին ազատվելով վերահաս վտանգից, փութացին իսկույն կանանոցը` թագուհուն ու պալատական տիկնանց հանգստացնելու, որովհետև դավադրության երևան զալը գուժել էր նրանց փողերի ձայնը։

-Հեռանանք այստեղից, հեռանանք շուտով,-ասաց թագուհին.-ես չեմ կամենում ապագա չարիքների պատճառով անիծել այն քաղաքը, որին ավանդ եմ տված իմ սիրելին...:

-Կհեռանանք հենց այսօր,-պատասխանեց Աբասը, միայն թե ժամանակ տուր ինձ ձերբակալել դավաճանին, որովհետև օձը միշտ պիտի խայթե, քանի մականը չէ ջախջախել նրա գլուխը...։

-Թո՛ղ դրան, սիրելի Աբաս, աստված ինքը կպատժե չարին, եթե արժանի է նա պատժի... Աշոտը դավաճանեց յուր հյուրերին, բայց հյուրերը թո՛ղ ապերախտ չլինեն դեպի հյուրընկալը։

-Ասացե՛ք` դեպի դավաճանը,-բացականչեց Մարզպետունին: