մուտքի մոտ. նրանք համբուրվեցան և արտասվեցին, հարկավ ապաբախտ արքայի մահը հիշելով...:
Հազիվ մի քանի ժամ մնաց մեզ մոտ արքայորդին։ Իշխանի աշխատությունը` գոնե մի օր պահել նրան մեզ հետ, ապարդյուն անցավ։ -«Հյուրասիրելու և հյուրասիրվելու ժամանակ չէ, իշխան, ասաց նա հորդ, երկիրը ոտնակոխ է լինում, պետք է փրկության հասնելս։ -«Իմ քաջերից կտամ քեզ մի գունդ, եթե կխոստանաս արշավանքդ հաջողությամբ պսակելուց հետո` վերադառնալ Գարդման` գեթ մի շաբաթ ինձ հյուր լինելու», ասաց իշխանը արքայորդուն։
-«Խոստանում եմ վերադառնալ երկիրս ազատելուց, հետո, ասաց արքայորդին. իսկ քո օգնության համար` կմնամ շնորհապարտ, որովհետև Գարդմանա զորաց քաջությանը կարող եմ վստահանալ»։
Եվ իշխանը արքայորդու ձեռքը տվավ հինգ հարյուր քաջերից կազմած այն բանակը, որ հսկում էր Գարդմանա մուտքին։ Երեկոյան դեմ հեռացավ արքայորդին յուր և իշխանի տված զորքերով։ Չեմ կարող մոռանալ երբեք այն վայրկյանը, որ նա Սահակ իշխանի հետ համբուրվելով` յուր օդապարիկ նժույգն աշտանակեց։ Գարդմանացի աղջկերանց հարյուրավոր աչեր գերեց նա յուր հետ, երբ պողպատյա սուրը օդի մեջ շողացնելով բարձրագոչ որոտաց. «Հառա՜ջ, քաջերս...»։ Գարդմանա ձորը արձագանք տվավ. կարծես հարյուր մարդ միասին գոռացին, այնքան ահեղ էր դյուցագնի ձայնը։
«Կեցցե՜ արքայորդին, կեցցե՜ ընդ համայր ամս...»,-որոտընդոստ ձայնով պատասխանեց զորքը և առաջ խաղաց։
Իշխանը ճանապարհ դրավ արքայորդուն մինչև Գարդմանա կամուրջը, և երբ վերադարձավ, ասաց ինձ առանձին.
-Սեդա՛, գոհ եմ, որ Սահանույշն այստեղ չէր այսօր. սա աստուծո տնօրինությունն է։
-Ինչու՞,- հարցրի ես իշխանին։
-Արքայորդին գեղեցիկ է բոլոր այն իշխաններից, որոնք երբևիցե խնդրել են իմ դստեր ձեռը։ Եթե Սահանույշը այստեղ լիներ, անկարելի է, որ այս քաջը նրա սիրտը չգերեր։
-Ավելի լավ, ասացի ես իշխանին, մի՞թե դու կմերժեիր քո դստեր ձեռը հայոց ապագա թագավորին։