Այս էջը հաստատված է

ծովափնյա այգիներ ու դարաստաններ, կանաչազարդ դաշտեր ու բլուրներ և կապուտակ լեռների ձյունագագաթ գոտիներ, որոնք Բզնունյաց ծովակը պատում էին չորս կողմից` Սիփանը հյուսիսից, Արտոսը հարավից, Վարագը արևելքից և Գրգուռն ու Ընձաքիսարը արևմուտքից։

Մի ուրիշ օր նա զբաղեցնում էր նրանց Վանա գեղազվարճ այգեստաններում, որոնք քաղաքի արևելյան կողմից սկսած տարածվում էին դեպի ծովակի հարավակողմը մի քանի ժամվա ճանապարհ, ամփոփելով իրանց մեջ փոքրիկ ավաններ, շեներ ու գյուղեր և իշխանական ամառանոցներ։ Ամեն մի ուշադրության արժանի վայրում, կարկաչահոս աղբյուրների մոտ և հովանավոր ծառերի տակ` նա պատրաստում էր հյուրերի համար զվարճալի խրախություններ, համեմված ճոխ հացկերույթներով և գուսանական երգերով ու կայթերով, որոնցով մանավանդ հարուստ էր յուր արքունիքը։

Հաճախ նա առաջնորդում էր հյուրերին դեպի արքայայական որսարանները, որոնք գտնվում էին Վարագա ապառաժուտ լանջերում, կամ ծովի հարավակողմը գտնվող անտառներում, ուր և Էրեների առատ որսորդությամբ զվարճացնում էր նրանց։

Երբեմն էլ նա պտտեցնում էր նրանց Վասպուրականի այն վանքերը, որոնք հռչակավոր էին իրանց դպրությամբ կամ միաբանական կարգավորությամբ, ցույց տալու համար յոթ երկրի մտավոր ու կրոնական զարգացման հառաջադիմությունը։

Վերջապես նա յուր արքայական նավակներով զբոսեցնում էր հյուրերին նաև Վանա ծովի վրա` այցելելով նրանց հետ միասին ծովափնյա ամրաստանները և ծովի մեջ գտնվող Լիմ, Կտուց, Առտեր և մանավանդ գեղադիր ու բարեշեն Աղթամար կղզիները։ Վերջինի մեջ այդ ժամանակ նստում էր հայոց ընդհանրական կաթողիկոսը։ Այդտեղ Գագիկ թագավորը կառուցել էր հրաշակերտ եկեղեցի, հոյակապ արքունիք, անառիկ բերդ ու դղյակ, ուր և անցնում էր ամառային ամիսները։ Այդ բոլորը նա ցույց էր տալիս յոթ բարձրաստիճան հյուրերին, բացատրում էր նրանց յուր