ապացուցանում էր այդ ձեռնարկության անհրաժեշտությունը և նրանից գալիք օգուտների մեծությունը թե՛ Հայաստանի ժողովրդի և թե՛ նույնիսկ իրանց՝ իշխանապետների համար։
Եվ նա այնքան աշխատեց, որ բոլորին համոզեց հինավուրց մայրաքաղաքը պաշարմամբ գրավելու որոշումն անել։
_________
Ոստիկանը նույնպես անհոգ չէր այդ ժամանակ։ Նա գիտեր, որ Աբասը թագավոր է պսակվել Վասպուրականում և որ հայոց իշխանները մեծ մասամբ նրա հետ են։ Եվ որովհետև ինքը անխոհեմություն էր արել Աշոտ բռնավորի դավադրության աջակցելու, և այդպիսով յուր երդման դրժելով` քակել էր Աբասի հետ ունեցած բարեկամության կապը, պարզ է, որ վերջինս, թագավոր պսակվելուց ետ, վրեժխնդիր պիտի լիներ, մանավանդ որ նա այդ մասին սպառնացել էր իրան։ Հետևապես ոստիկանն էլ յուր կողմից էր պատրաստվում։
Ամենից առաջ նա միացավ Աշոտ բռնավորի հետ և խոստումն առավ նրանից՝ օգնել իրան յուր զորքերով՝ եթե Աբասը հարձակվելու լինի յուր դեմ։ Ապա զորքեր խնդրեց ամիրապետից` առարկելով, թե Հայաստանի արաբական կալվածները վտանգի մեջ են, հետևապես անհրաժեշտ այդ վտանգի դեմ զինվելու։ Բայց ամիրապետն զբաղված լինելով յուր երկրի ուրիշ կողմերում ծագած խռովություններով՝ անուշադիր թողեց Նսըրի խնդիրը։ Այն ժամանակ վերջինս միացավ Միջագետքի և Կորդվաց կողմերում ինքնագլուխ իշխող ամիրաների հետ և օգնական զորք առնելով նրանցից, սկսավ Դվինն ու նրա շրջականերն ամրացնել։
Ամենից առաջ նա ընտիր պահակախմբերով և առատ պաշարով ապահովեց Դվնո և Արտաշատու բերդերը (որոնք միմյանց մոտ լինելով՝ ունեին միմյանց հետ և գաղտնի հաղորդակցության ճանապարհներ), որպեսզի վտանգի դեպքում ինքը ապաստանե դրանցից մեկին։ Ապա յուր զորքերը բաժանելով մի քանի ստվար մասերի, նրանցից մինին