Այս էջը հաստատված է

առաջ Արտաշիաս կուսակալի օրով և կարթագենացոց հռչակավոր զորավար Աննիբալի ծրագրով։ Երբ վերջինս հայրերնիքից տարագիր` դեգերում էր Հայաստանի մեջ, Արտաշիասն ասպնջականեց նրան սիրով և օգուտ քաղելով բազմափորձ զորավարի ներկայությունից, նրա խորհրդով հիմնեց Արտաշատ քաղաքն ու բերդը Երասխ գետի վրա։ Եվ որովհետև տեղը, ուր հիմնված էր քաղաքը, երեք կողմից պատած էր Երասխ ու Մեծամոր գետերով, ուստի չորրորդ կողմը ջրափակ անելու համար փորեցին այդ ջրանցքը, որով քաղաքը դառնում էր թշնամուն անմատչելի։

Բայց որովհետև հռչակավոր Արտաշատը վաղուց արդեն դադարել էր շահաստան լինելուց, և նրա փառաց ու ճոխության ժառանգորդ այժմ Դվինն էր հանդիսանում, ուստի նրա հինավուրց ջրանցքն էլ Դվնո խրամը պիտի ողողեր։ Արտաշատի անշքանալուց ետ` հայոց թաղավորները` սկսած Խոսրով Բ.֊ից, որ Դվինը շինեց և յուր աթոռն այնտեղ փոխադրեց, մինչև Բագրատունյաց պայազատները, իրանց հոգն ու խնամքը Դվնին նվիրեցին և ռազմական ամրություններով հարստացրին նրան։ Ուստի այդ ժամանակից հիշյալ ջրանցքն էլ ծառայում էր Դվնին։

Բայց օրերն անցնում էին և Աբաս արքայի զորքերը դեռ չէին երևում։ Մինչև անգամ Նախիջևանի ճանապարհը պահող հեծելազորը շարունակ լուրեր էր ղրկում Դվին, թե Աբասը դեռ բանակած է Շարուրում։ Այս պատճառով արաբացիք սկսան մի առժամանակ անհոգության տալ իրանց և կերուխումով զվարճանալ։ Մինչև անգամ ջրանցքի վրա աշխատողները ծանրությամբ էին շարժվում և մի քանի օրվա մեջ հազիվ էին փլել թումբերի մի մասը։

Սակայն Աբաս թագավորի զորքը, որին միացել էին արդեն աղձնեցիք և մոկացիք, վաղուց հեռացել էր Շարուրից և այն` գիշերանց։

Նրա բանակատեղում մնում էին միայն դատարկ վրանները` մի քանի վաշտ պահապաններով, որոնք պաշտոն ունեին` խաբել Նախիջևանի ճանապարհը պահող արաբացիներին, ցույց տալով նրանց, թե հայոց զորքը դեռ բանակած է այնտեղ։ -Այդ զորքը, սակայն, զանազան մասերի