Այս էջը հաստատված է

-Մեկ էլ՝ երկնքից,-նկատեց համհարզներից մինը։

-Եթե աստված հաճի...-հարեց իշխանը և լռեց։

Բայց հենց այդ ժամանակ բացվեցան Դվնո հարավային դռները և արաբացոց զորքը գալարափողերը հնչեցնելով, սկսավ դուրս խուժել և դիմել դեպի Արտաշատու ջրանցքը։

Բաբգեն իշխանն արդեն կարգավորել էր յուր փոքրաթիվ զորքը, կանգնեցնելով նրանց եռանկյունաձև և հրաման տալով, որ հարձակման դեպքում աշխատեն միջամուխ լինել հարձակվողների մեջ և երկու մասի բաժանելով նրանց՝ այնպես սկսեն իրանց բախումը։ Այդ եղանակն այն առավելությունն ուներ, որ կթուլացներ հարձակման թափը և հրոսախմբի ստվարությունն արգելք չէր լինել ազատ զինաշարժության։

Իշխանը հենց որ լսեց փողի ձայնը, աշտանակեց իսկույն յուր նժույգը և սուրը մերկացնելով՝ ձայն տվավ դեպի զորքերը.

-Սիրելի՛ քաջեր, մենք սակավաթիվ ենք և թշնամին զորավոր։ Բայց մեր դատն արդար է, իսկ նրանցն անիրավ։ Աստված օգնում է արդարին և յուր բազուկը հզորագույն է ամենից։ Դիմավորեցեք թշնամուն աներկյուղ և առանց դիմադարձության, աստված պիտի օգնե ձեզ երկրորդ անգամ նրան խորտակելու, իսկ ում որ մեզանից մահ կվիճակվի, նա թող մխիթարվի, որ մեռնում է հայրենիքի և այն խաչի համար, որ ահա՛ Դվնո բարձունքից նայում է մեզ վրա։

Այս ասելով իշխանը սաղավարտը հանեց և դեմքը դեպի ս. Գրիգորի գմբեթը դարձնելով՝ «Դու՛ մեզ օգնիր, ով սուրբ կաթողիկե. մեր կռիվն ու մահը քո և որդվոց ազատության համար են. թող թշնամին չպարծենա, թե կիսալուսինը հաղթեց սուրբ խաչին...»։

Այս ասելով նա սուրը շողացրեց և «օ՜ն, հառաջ...» գոռալով դիմեց դեպի թշնամին։

Սյունյաց և վանանդացոց քաջերը որոտընդոստ աղաղակով հետևեցին նրան։

Նույնպիսի ոգևորությամբ և գոռյուն-գոչյունով դիմում էին հայերի դեմ արաբացիները։

Վերջապես նրանք հասան և քաջերը գոռալով ընկան