Այս էջը հաստատված է

փոխանակ քայլ առ քայլ ետ նահանջելու, սկսան միահամուռ փախուստ տալ դեպի Դվին։

Հայերն ընկան փախչողների ետևից և սկսան չարաչար կոտորել նրանց։ Շուտով Դվնո դռները բացվեցան և ներս առան փախչող զորականը։

Սեպուհն այդ տեսնելով` հանդուգն միտք հղացավ. այն է` հրամայել յուր զորքերին` ներս խուժել քաղաքը փախչողների ետևից։

Բայց Բաբգեն իշխանը, որ ավելի հեռատես էր, արգելեց նրան այդ քայլն անել, առարկելով, թե քաղաքում կարող է վտանգ հասնել զորքին։

Նրանք բավականացան տարած հաղթությամբ և զորքը ժողովելով վերադարձան դեպի ջրանցքի հովիտը։

Երեկոյան դեմ, երբ կռիվն արդեն ավարտած, հաղթությունը տարած, իսկ հագարացիք Դվնո մեջ փակված էին, հասավ թագավորը` Գևորգ սպարապետի, դաշնակից իշխանների և արքայական համախումբ բանակի հետ։

Վերջինս, սպարապետի կարգադրությամբ, շրջապատեց քաղաքը բոլոր մատչելի կողմերից։

Տեսնելով Դվնո խրամը տակավին չոր և լսելով տեղի ունեցած կռվի և տարած հաղթության մասին` թագավորն ուրախացավ և ի նշան յուր գոհության` գրկեց ու համբուրեց Բաբգեն իշխանին և Վահրամ սեպուհին։ Ապա հրամայեց փառավոր հրավառությամբ ամբողջ բանակը լուսավորել այդ գիշեր։

Կարճ ժամանակվա ընթացքում, Դվնո հինավուրց անտառից դուրս հանվեցան հարյուրավոր մայրեր ու կաղամախներ և տապարներով ջախջախվելով` դերբուկաձև դիզվեցան թե՛ բանակի մեջ և թե՛ քաղաքի շուրջը, պարիսպների և աշտարակների հանդեպ։

Երբ մութը կոխեց և ահագին խարույկները վառվեցան, Դվինը, կարծես, դյութական կերպարանք առավ։ Հարյուրավոր կրակների բոցը բարձրանում, ծառանում էր դեպի երկինք և շրջապատն ամբողջապես բոսոր գունով լուսավորում։ Մայրաքաղաքի պարիսպներն ու մարտկոցները պատած էին կրակով և հեռվից նայողը կարծում էր, թե քաղաքն