Այս էջը հաստատված է

«Չէ՞ որ կարող էին գեթ մի օր առաջ ջրանցքը բանալ և քաղաքի խրամը ողողել... խոսում էր ինքն իրան ոստիկանը, բայց չարին, անհոգության տվին իրանց և պատճառ դարձան թե՛ քաղաքի գլխավոր պաշտպանությունը ոչնչացնելուն և թե՛ զորքերի կոտորածին... Իսկ իմ պահակ հեծելախմբե՞րը. ո՞ւր մնացին նրանք, ինչո՞ւ մինչև այժմ պահապանության չորս կետերից գեթ մի զինվոր չհասավ, որ թշնամու գալուստն ինձ հայտնե»...

Բայց ոստիկանն իզուր էր տրտնջում վերջին կետի նկատմամբ։ Որովհետև ոչ թե յուր պահակ հեծյալների անուշադրությունն էր պատճառը` որ ինքը ժամանակին չէր իմացել յուր հակառակորդի մոտենալը, այլ հայոց սպարապետի բազմափորձ զգուշությունը. որովհետև նա զորքերն առաջ էր վարել այնպիսի ճանապարհներով և այնքա՛ն միմյանցից անջատ խմբերով, որ հագարացի պահանորդները չէին կարող նրանց նշմարել։ Նույնիսկ Շարուրում բանակած զորքի վրանները այն ժամանակ միայն սկսեցին քակել հայ պահակները, երբ բուն բանակն իջնում էր արդեն Դվնո դաշտը։

Վերջապես ոստիկանը կանչեց յուր մոտ Բեշիրին և սկսավ խորհուրդ անել նրա հետ։

-Այս հայերը, ըստ երևույթին, պաշարել են մեզ այնպիսի զորությամբ, որին դիմադրել չպիտի կարողանանք, եթե նրանք հաճախ հարձակվին մեզ վրա,-ասաց նա զորապետին,-ինձ թվում է, թե մի հնար միայն կա ընդհարումն արգելելու և Աբասին մեզ հետ հաշտվել ստիպելու։

-Ո՞րն է այդ,-հարցրեց Բիշերը, որի գոռոզությունն ընկճվել էր արդեն կրած պարտության պատճառով։

-Այն, որ հայտնենք հայոց թագավորին, թե կկախենք աշտարակից մեզ մոտ պատանդ եղող յուր հորաքեռ որդուն` Սյունյաց Սահակ իշխանին, եթե նա մեր առաջարկած հաշտությունը չի ընդունիլ և յուր զորքերը չի հեռացնիլ Դվինից։

-Աբասը եթե ցանկացող լիներ հաշտության, քո դեսպաններին ու ընծաները ետ չէր դարձնիլ Վասպուրականից։

-Ուրե՞մն...

-Կմերժե քո առաջարկությունը։