գուշակել չէի կարողանում։ Շատ մտածելուց ու մտատանջվեմ լուց հետո վերջապես որոշեցի, ի՛նչ կերպ ուզում է լինի, իմանալ իշխանից այդ գաղտնիքը։
Մի օր, երբ վիրաբույժի կարգադրած դարմանը իշխանի վերքին դնելով թևը խնամքով փաթաթում էի, նա ժպտալով ասաց.
-Չգիտեմ, թե ինչով պիտի փոխարինեմ քո երախտիքը, քույր Սեդա։
- Ոչ մի երախտիք չունիմ քեզ վրա, իշխան,-ասացի ես,-եթե հայ զինվորը կռվի դաշտում վերք է ստանում, հայ կնոջ պարտավորությունն է՝ կապել ու դարմանել նրան։ Այդ պարտքը մենք պիտի կատարենք մինչև անգամ կռվի դաշտում։ Իսկ մեր տան մեջ այդ անելը ոչ մի նեղություն չէ պատճառում մեզ։
-Չէ, քույր Սեդա, ես շնորհապարտ մնացի քեզ, և շատ գոհ կլինեի, եթե ինքդ ասեիր ինձ, թե ինչո՛վ փոխարինեմ այդ շնորհը։
Ես ժպտացի։
-Ուրեմն դու ինձ այդ կասես, այնպես չէ՞, քույր Սեդա,-հարցրեց կրկին իշխանը։
-Ես իմ արածների մեջ ուշադրության արժանի մի շնորհ չեմ տեսնում,-ասացի ես.- բայց եթե դու ցանկություն ունիս մի բարիք անելով շնորհապարտ կացուցանել ինձ, ապա ես կասեմ թե ի՛նչ բարիք եմ սպասում քեզանից։
-Ասա՛, քույր Սեդա, ասա՛, աղաչում եմ,-թախանձեց իշխանը։
-Հայտնի՛ր ինձ այն գաղտնիքը, որ արգելում է արքայորդուն ամուսնանալ իշխան Սևադայի դստեր հետ,-խնդրեցի ես նրան։ Իշխանը ժպտաց և ոչինչ չպատասխանեց։
-Կարծեմ խնդրածս ծանր շնորհ չէ, այնպես չէ՞, հարցրի ես։
-Օ՜, ծանր, շատ ծանր խնդիր է, քույր Սեդա. կրկնապատիկ շնորհապարտ կմնայի, եթե ետ առնեիր խնդիրդ։
-Ո՛չ, կա՛մ այդ խնդիրը, կա՛մ ոչինչ,-թախանձանոք պնդեցի ես։