Այս էջը հաստատված է

-Ի՞նչ անենք ուրեմն, վտանգը դռան մոտ է,-հարցըրեց Բեշիրը։

Ոստիկանը չպատասխանեց նրան. աչքերը գետնին հառած մտածում էր։

-Ի՞նչ անենք, տեր իմ, սպասելու ժամանակ չկա,-կրկնեց զորապետը։

-Գիտե՞ս ինչ...

-Հրամայի՛ր։

-Քաղաքը մեր կամքով պիտի հանձնենք հայերին։

-Ինչպե՞ս... հապա մեր այսքան կորուստն ու կոտորա՞ծը,-բացականչեց Բեշիրը։

-Ով որ խնայում է մնացորդը, որքան էլ այն աննշան լինի, նա իմաստնաբար է գործում,-նկատեց ամիրան լրջությամբ,- եթե մենք համառինք, ավելի պիտի կորցնենք...

-Ուրե՞մն...

-Պիտի հանձնենք թագավորին յուր մայրաքաղաքը՝ մեր զորքն ու անձը փրկելու համար։

Բեշիրը գլուխը կախեց և լռեց։

Մի ժամից ետ քաղաքի մեծ դռան աշտարակի վրա վայրահակ կախեցին մի կանաչ գրոշ, որ նշան էր, թե պաշարյալները հաշտություն են առաջարկում, խնդրելով ընդ նմին հարձակումը դադարեցնել։

Իսկ փոքր-ինչ հետո դռները բացվեցան և երևացին Նսըրի պատգամավորները, որոնք քաղաքի բանալիները բերում էին հայոց արքային հանձնելու։

Իսկույն սպարապետը զինադադարի փողը հնչել տվավ և կատաղի ընդհարումը կանգ առավ մի վայրկենում։

Արաբացոց պատգամավորները հասան արքայի վրանը և ոստիկանի հաշտության պատգամը հաղորդելուց ետ՝ հանձնեցին թագավորին բերած բանալիները։

Հետևյալ առավոտ տեղի ունեցավ հայոց զորքերի հաղթական մուտքը դեպի Դվին։

Ամենից առաջ ներս մտավ Գևորգ Մարզպետունին՝ Արարատյան գնդով, որ կրում էր սպարապետական դրոշը և գրավեց քաղաքի կարևոր դիրքերը՝ անսպաս խլրտումներից