Այս էջը հաստատված է

նրան նորանոր շինություններով, գեղեցիկ սարավույթներով, հասարակական ապաստարաններով, բաղնիքներով, ագուգաններով, նոր ուղիներով և կամարազարդ կամուրջներով։

Այս պատճառով Արքայական Ոստանը կարճ ժամանակի մեջ լցվեցավ բազմաթիվ ու բազմազան բնակիչներով, որոնք և հիմնեցին այդտեղ ազգի-ազգի արհեստանոցներ, ոստայնանկրության գործարաններ, ընդարձակ զինարաններ և անընդհատ երթևեկությամբ ու կենդանի տուրևառով Կարսը դարձրին բազմամբոխ և շահավաճառ քաղաքներից մինը։

__________

Հասավ 943 թվականը։ Այդ տարին բոլորում էր Աբաս արքայի գահակալության տասնհինգերորդ տարեդարձը և սակայն դեռ նոր էր ավարտվում Կարսի գլխավոր շինություններից մինը, որի հիմքը դրվել էր 13 տարի առաջ։

Դա Սուրբ Առաքելոց հոյակապ եկեղեցին էր, որ բարեպաշտ թագավորը հիմնարկեց 930 թվականին, իբր յուր գահակալության առթիվ առ աստված ուղղած շնորհակալյաց առհավատչյա։ Նա գտնվում էր Միջնաբերդի ստորոտում, գեղադիր բարձրավանդակի վրա և կառուցված էր ժամանակակից ճարտարապետության կատարելությամբ։ Արտաքուստ նա հոյակապ էր, քանդակազարդ և ուներ բոլորշի-ութանկյուն ձև։ Իսկ ներքուստ կերտված էր խաչաձև, բաժանված տասներկու երեսների վրա, որոնցից ամեն մինը կրում էր առաքյալներից մինի պատկերը։ Սրածայր գմբեթը բարձրանում էր անսյուն կամարների վրա և յուր փայլուն խաչով հովանավորում էր թե՛ յուր շուրջ ապրող բարեպաշտ ժողովրդին և թե՛ հեռու, ժայռերի տակ շառաչող Կարուց գետին:

Որովհետև Ս. Առաքելոց եկեղեցու ավարտման հետ միասին, ինչպես ասացինք, լրանում էր, նաև արքայի գահակալության տասն և հինգ ամյակը, և այդ բոլոր ժամանակ հայրենիքն ու ժողովուրդն ապրել էին խաղաղ երջանկության մեջ, ուստի Աբաս թագավորը ցանկացավ այդ առթիվ շքեղ նավակատիք կատարել։

Այս նպատակով նա կարգադրեց՝ հրավեր ղրկել նաև կաթողիկոսին և ապա երկրի իշխաններին, նախարարազուններին,