Այս էջը հաստատված է

ազնվականության, հոգևոր միաբանություններին և նույնիսկ դրացի իշխողներին, որպեսզի ամենքը հավաքվեն արքայանիստ Կարսը, յուր կառուցած տաճարն օծելու և նրա նավակատիքը տոնելու։

Այդ դեպքից կամեցավ օգուտ քաղել Մարզպետունի իշխանը և ազատվել այն երդման կապանքներից, որով նա կաշկանդել էր իրան Գառնո ամրոցում։

Չնայելով որ նրա անօրինակ անձնվիրության, աննման հայրենասիրության և անխոնջ ջանքերի շնորհիվ Հայրենիքն արդեն վայելում էր անդորրություն, իսկ գահը՝ ապահովություն, այսուամենայնիվ նա դեռ իրան կապած էր համարում Գառնիում արած ահավոր երդումով։

Նա խոստացել էր հալածել Հայաստանից վերջին հագարացին. և մինչև որ այդ չաներ, չպիտի վերադառնար յուր ընտանյաց գիրկը, չպիտի ոտք դներ սեփական հարկի տակ։

Եվ այս պատճառով, չնայելով, որ հագարացիք արդեն ջախջախվել, ետ էին քաշվել, չնայելով, որ Դվինը գրավվել էր հայերից, և արաբական իշխանությունն էլ չէր համարձակվում գավազան շարժել հայ ժողովրդի դեմ, այսուամենայնիվ, որովհետև Դվնում դեռ արաբացի ամիրաներ էին նստում, իսկ Հայաստանի նահանգներում ապրում էր խաղաղ հագարացի ժողովուրդ, որին պատճառ չկար հալածել երկրի միջից և իզուր տեղը արաբացոց ամիրապետի արդար զայրույթը գրգռել, այս պատճառով Մարզպետունի իշխանը մնացել էր Գառնիից տարագիր, ասելով թե՝ որովհետև աստված չհաջողեց ինձ հագարացիներին Հայաստանից վռնդել, ուրեմն նա չի կամենում նաև իմ վերադարձը։

Այս պատճառով այդ բոլոր տարիների ընթացքում նա ապրում էր թագավորի մոտ, երբեմն Երազգավորսում, իսկ վերջերը Կարսում։ Նրան այցելելու գալիս էին թե՛ Գոհար իշխանուհին, թե՛ Շահանդուխտ հարսը և թե՛ Գոռ որդին։ Բայց ինքը երբեք չէր գնում նրանց մոտ։

Այսուամենայնիվ, որովհետև իշխանը դեպի ծերություն էր գնում, նրա մազերը արդեն սպիտակել էին, ուստի վերջին տարիներում նրա մեջ ծնվել էր ցանկություն՝ խնդրել կաթողիկոսից ազատել իրան երդման կապանքներից, որպեսզի,