Այս էջը հաստատված է

գոնե՝ մեռած ժամանակ կարողանա թաղվել Գառնո ամրոցում, ս. Մաշտոցի գերեզմանի մոտ։

Ծերությունը շատ անգամ բերում է յուր հետ այնպիսի քնքուշ ցանկություններ, որոնք երիտասարդ զգացմունքների համար տղայական են թվում, բայց կյանքի դառնագույն փորձերից անցնող և աշխարհի ունայնության իսկությունն ըմբռնող հոգիները հասկանում ու հարգում են այն ցանկությունները։

Այդ էր պատճառը, որ երբ Աբաս թագավորն իմացավ, թե յուր սիրելի սպարապետը ցանկանում է Արքայաշեն եկեղեցու Նավակատյաց տոնին երդման լուծումն առնել կաթողիկոսից, շտապեց օր առաջ ղրկել վեհափառին յուր հրավերը, որպեսզի դրանով հաճույք պատճառե Հայրենիքի բարերարին։

Հազիվ սկսել էին Կարսում նավակատյաց տոնի պատրաստությունները տեսնել, և ահա մի անակնկալ դեպք արքայի և սպարապետի մտադրությունը խանգարեց։

Տայոց իշխանը լուր տվավ նրանց, թե՝ Ափխազաց Բեր թագավորը ծանր զորքով մտել է յուր նահանգը և այնտեղից էլ առաջանում է Գուգարք։

Միջանկյալ պետք է ասել, որ Ափխազաց թագավորը՝ Աբաս արքայի գահակալության օրերից արդեն՝ հեռացած էր Հայաստանի սահմաններից։ Որովհետև երբ նա իմացավ, թե Հայոց հյուսիսային ու հարավային իշխանությունները միացել են և ընդհանուր ուժով Դվնո վրա են գալիս, ինքը, չնայելով, որ այդ ժամանակ Ցլիկ-Ամրամի հետ ունեցած դաշնագրության զորությամբ գրաված էր հայոց աշխարհը և դեռ սպառնում էր Գուգարքին, այսուամենայնիվ, վախենալով միացյալ զորության հետ ընդհարվելուց, յուր զորքերը հետզհետե Հայոց աշխարհից հանեց։ Իսկ երբ Դվնո առման լուրը հասավ իրան, նա դատարկեց այդ նահանգի նույնիսկ յուր սահմանների մոտ եղող բերդերը և զորքերն առնելով՝ քաշվեց Ափխազիա։

Բայց որովհետև Հայաստանի խաղաղությունը, ընդհանրապես, խաղաղություն էր բերում նաև դրացի երկրներին,