Այս էջը հաստատված է

ուստի այդ հանգամանքը, շատ անգամ, ծառայում էր ի վնաս Հայոց աշխարհին։ Եվ ահա թե ինչ պատճառով։

Հայաստանը գտնվելով Միջին և Փոքր-Ասիայի, այլև Կովկասային երկրների մեջտեղում, հաճախ մի կողմից դեպի մյուսն արշավող ազգերի համար ծառայում էր կամ իբրև կամուրջ և կամ իբր պատնեշ։ Այնպես որ՝ հարավից դեպի հյուսիս, կամ արևելքից դեպի արևմուտք անցնել ուզող աշխարհակալները կամ հակառակորդ ազգերը, ամենից առաջ ընդհարվում էին Հայաստանցոց հետ։ Եթե սրանց ընկճում էին, այն ժամանակ ազատորեն դիմում էին դեպի մտադրյալ նպատակը. իսկ եթե, ընդհակառակը, հաղթվում էին սրանցից, այն ժամանակ ետ էին քաշվում և այդպիսով Հայոց դրացիները, նույնիսկ Հայոց զոհաբերության գնով, ազատվում էին սպառնացող չարիքից։ Այդպես սկսվել էր դարերից ի վեր և այդպես շարունակվում էր։

Եվ հենց այդ պատճառով, Հայաստանի խաղաղ եղած ժամանակ, նրա դրացի ազգերն էլ խաղաղություն էին վայելում։ Բայց փոխանակ դրա համար քաջ կամ նահատակ Հայերին շնորհակալ լինելու, ընդհակառակը՝ Հայոց շնորհիվ ձեռք բերած այդ խաղաղության արդյունքը, որ լինում էր իրենց զորանալը, գործ էին դնում հենց բարերար դրացու դեմ։

Այդպես էլ արին Ափխազցիներր։

Աբաս Արքայի գահակալության օրով, ինչպես Աղվանները, Վրացիք, Եգերացիք, Խաղտիացիք, Քուրելացիք, Մկրելցիք և մյուս հյուսիսային ազգերը, նույնպես և Ափխազցիք՝ վայելում էին կատարյալ անդորրություն։ Իսկ դրա հետևվանքը եղել էր այն, որ նրանք ներքին բարեկարգություններով զբաղվելու ժամանակ գտնելով, հետզհետե զորացել էին։ Տասնևհինգ տարուց ետ, Բեր թագավորը նորից հիշեց Ցլիկ Ամրամի հետ ունեցած դաշնադրությունը, որի զորությամբ Հայաստանի հյուսիսային նահանգները իրան պիտի անցնեին, բայց որոնցից նա զրկվել էր այն ժամանակ՝ մասամբ Վահրամ Սեպուհից հալածվելով և մասամբ Հայոց միությունից վախենալով։ Իսկ այժմ որովհետև իրան բավական զորեղ էր զգում Հայոց թագավորի հետ ընդհարվելու, ուստի հիշեց հին դաշնադրությունը։ Եվ չնայելով, որ Ցլիկ-Ամրամն արդեն