Այս էջը հաստատված է

Առաջին օրը ևեթ սպարապետն ու զորավարները ժողովեցան թագավորի մոտ խորհուրդ անելու, թե ե՞րբ և ի՞նչ եղանակով սկսեն պատերազմը։

Մարզպետունի իշխանը, իրրև ամենից փորձառուն, խորհուրդ տվավ հարձակում անել հենց այդ միևնույն գիշերը, կամ գոնե, լուսաբացին։

-Այդ կարևոր է նրա համար,-ասում էր իշխանը,-որ ափխազցիք հուսալով թե մենք դեռ հոգնած ենք, և, հետևապես, խույս պիտի տանք ընդհարվելուց, անպատրաստ և անկարող կլինեն մեզ դիմադրելու:

-Այդ միջոցը, գիտեմ, ամենահարմարն է թե թշնամուն շփոթելու և թե քիչ կորուստով հաղթություն ձեռք բերելու,-խոսեց թագավորը. -բայց ինչպե՞ս կարող ենք մեր հոգնած բանակը Կուր գետից անցկացնել, քանի որ դրա համաո պատրաստություն չունինք:

-Այստեղ Կուր գետը խորություն չունի,-պատասխանեց Մարզպետունին, որովհետև սա առաջին վտակն է, որ իջնում է Կարսա լեռներից։ Այրուձին հեշտությամբ կարող է անցնել, իսկ հետևակները ափից միայն պիտի օգնեն։

-Ո՞վ պիտի առաջնորդե այրուձին,-հարցրեց թագավորը։

-Ես և Վահրամ սեպուհը, իսկ արքայորդին և Գոռը կգործեն արքայի հրամանատարության ներքո,-պատասխանեց սպարապետը։

Թագավորը հարգելով իշխանի առաջարկությունը, համաձայնվեցավ նրա հետ, միայն պայմանով, որ հարձակումն անեն ոչ թե գիշերը, այլ լուսաբացին, որպեսզի հետևակների աշխատությունը ևս, որ նետաձգություն պիտի լիներ, օգուտ բերե հեծյալներին։

Առավոտյան պահուն, երբ արուսյակը նոր էր բարձրանում երկնակամարի վրա, իսկ լուսո ելքը դեռ որոշ չէր երևվում, Հայոց բանակը ոչ միայն ոտքի վրա էր, այլ պատրաստվել էր հարձակումն սկսելու։

Արքայորդին ու Գոռը իրենց հատուկ գնդերը կանգնեցրել էին Կուր գետի ուղղությամբ` բանակատեղից մի ասպարեզ հեռու, այնպես որ գտնվում էին ափխազցիների հանդեպ