Այս էջը հաստատված է

էին համարում Աբաս թագավորին, ցանկացան ներկայանալ նրան և անձամբ շնորհավորել յուր հաղթությունը:

Այդ պատճառով նրանք առաջացան դեպի Արտահան՝ իրանց հետ բերելով նաև իրանց զորքերը։

Արքայական բանակը, որն արդեն ուրախության մեջ էր, Սիսական իշխանների և նրանց գնդերի գալստյամբ ավելի ուրախացավ։ Երկու օր շարունակ տոն էին կատարում նրանք, խրախճություններ էին անում և իրանք իրանց տվել էին զվարճության, չկասկածելով բնավ, թե ափխազցիք կարող եՆ վերադառնալ կամ անակնկալ հարձակումն անել իրանց վրա։

Բայց հենց առավոտյան միևնույն պահուն, որ հայերը հարձակվել էին իրանց հակառակորդների վրա, հասան ափխազցիք։

Բեր թագավորը, որ չէր կարողացել տանել յուր պարտության անարգանքը, նորեն համախմբել էր զորքը, գեղեցկապես զինավառել նրան և բերել հաղթողների դեմ։ Գիշերանց Կուր գետն անցնելով՝ նրանք մոտեցան հայերին հենց առավոտյան աղոթքի ժամանակ։ Եվ եթե լռությամբ հարձակվեին նրանց վրա՝ մեծ կոտորած պիտի անեին։ Բայց Ափխազաց թագավորը կամենալով սարսափահար անել թշնամուն, հրամայեց հարձակվել փողեր հնչեցնելով։

Այդ անակնկալ ձայները, արդարև, թունդ հանեցին հայ զորաց սրտերը, որովհետև անպատրաստ էին. բայց միևնույն ժամանակ զգուշացրին նրանց՝ չելնել վրաններից առանց զենքերի։

Զորավարները, սակայն, դուրս վազեցին մի ակնթարթում և պահակախմբերի գլուխն անցնելով դիմեցին դեպի պատնիշապատը՝ թշնամու առաջն առնելու համար։ Իսկ սպարապետը իր նժույգն աշտանակելով՝ սլացավ դեպի հեծելազորը, հետևակախմբերը և առանց շփոթվելու՝ սկսավ կարգը բերել նրանց, խրախուսել խուճապող զորականին և արգելել խռնվողների շփոթությունը։

Մինչ այս, մինչև այն, ափխազցիներր բանակատեղը փակեցին և բարձրագոչ աղաղակով սկսան զեռալ այս ու այն կողմը։ Նրանց մի մասը ելավ ցցապատ պատնեշների վրա և