Այս էջը հաստատված է

հայցելով։ Շղթաները թող իմ ոտքերը կապեն, բայց իմ սեգ հոգին նվաճել չեն կարող։ Ես քո թշնամիդ էլ կմնամ. մի կարծիր թե անհաջողությունը կստիպե ինձ երբևիցե իմ գլուխը խոնարհելու։

-Եթե այդպես է, ես ուրեմն կվարվիմ քեզ հետ ինչպես իմ թշնամու և ոչ աներձագի հետ. հպարտ եղիր այսուհետև, որքան կարող ես, բայց գիտցիր, որ այդ հպարտությունը չի պակասեցնիլ քո շղթաներից և ոչ մի օղակ և ոչ էլ իմ հարգանքը կավելացնե դեպի քեզ՝ իբրև դեպի ազատասեր մի թագավոր. ըստ որում ազատ հոգին չի բռնանալ ընկերոջ ազատության վրա։ Բայց դու ոչ միայն այդ ձգտումն ունեցար, ոչ միայն իմ գավառները հափշտակեցիր և իմ ժողովրդի ազատությունը բռնաբարեցիր, պյլև սպառնացիր՝ գալ և Հայոց եկեղեցին վրաց ծեսով օծել... Դու ուրեմն ոչ թե ազատասեր թագավոր, այլ մի բռնավոր ես, և որ չարագույնն է՝ իմ գահի թշնամին։ Իսկ աստված որովհետև հակառակ է բռնավորներին և կործանում է նրանց, ուստի քեզ էլ ահա մատնել է իմ ձեռքը։ Ես կարող էի խնայել քեզ իբրև սոսկ բռնավորի. բայց իրավունք չունիմ խնայելու՝ իբրև իմ հայրենիքի թշնամուն։

Այս ասելով՝ նա դիմեց Գոռին և հարեց.

-Դու խոստացել էիր, իշխան, առաջնորդել Բեր թագավորին մինչև մեր արքայանիստը։ Կատարիր ուրեմն խոստումդ, և թող այդ քաջը սովորեցնե մեզ այնտեղ` թե ինչպես պետք է Հայոց եկեղեցին վրաց ծեսով օծել։

Այս ասելով թագավորը դարձավ վրանը, առանց այլևս Բերի երեսին նայելու, իսկ վանանդացիները վերադարձրին գերիներին դեպի իրենց կայանը։

_________

Մի քանի օրից հետո արքայանիստ Կարսը տոնական կերպարանք առավ։ Նրա բազմաթիվ շինությունները, իշխանական ապարանքները, սարավույթները և մինչև անգամ բուրգերն ու մարտկոցները զարդարվել էին գույնզգույն գորգերով, վառերով ու դրոշներով։ Քաղաքի դռներից սկսած մինչև արքայական ապարանքը՝ մի քանի տեղ կանգնեցրել էին հաղթական