Այս էջը հաստատված է

հեծելազորը, որոնք տակավ առ տակավ հառաջանալով` Կարսի արևելյան դաշտահովիտը լցրին բազմամբոխ մարդկությամբ։

Քաղաքի սահմանին մոտենալուց ժողովուրդն արդեն զորախմբերը շրջապատեց, չկամենալով, կարծես, ճանապարհ տալ նրան։ Երբ հառաջապահ գնդերն անցան և երևաց Արքունական դրոշակը, կեցցեների որոտընդոստ աղաղակն օդը թնդացրեց։ Մի փոքր հետո երևաց և ինքը թագավորը, սեգ և վեհաշուք, հագած ոսկեփայլ զրահներ և ծածկված նույնպիսի սաղավարտով, որի ձյունաթույր ցցունքը ծածանում էր աջ ու ձախ և հովանավորում ոսկեձույլ արծվին, որ զարդարում էր նրա ճակատը։ Նա նստած էր ոսկեսար նժույգի վրա և շրջապատված ազատախումբ թիկնապահներով, որոնց զրահներն ու ասպազենը փայլփլում էին արևի առաջ։ Մոտենալով աջ ու ձախ ծովացած և հետզհետե աճող ժողովրդին, որ որոտաձայն կեցցեներով յուր գալուստն էր ողջունում, նա քաղցրահայաց ու սիրաժպիտ պատասխանում էր նրանց` գլխի շարժումով։

Թագավորից հետո գալիս էին Վանանդացի հետևակները, որոնք իրենց հետ բերում էին Բեր թագավորին և նրա իշխաններին, բոլորին էլ հետիոտն և շղթայակապ։

Ժողովուրդը նրանց տեսնելով ցնծության աղաղակ բարձրացրեց. իսկ ավելի եռանդոտներն սկսան ծաղրական բացականչություններ անել։ Սակայն Սպարապետը, որ հետևում էր Վանանդացիներին, ձեռքի շարժումով սաստեց ժողովրդին և անախորժ բացականչությունները լռեցին։

Երբ Թագավորը ներս մտավ քաղաքի դռնով` հայ հոգևորականությունը դիմավորեց նրան եկեղեցական թափորով և առաջնորդեց մինչև Մայր եկեղեցին։ Իսկ զորքերը հետզհետե ներս գալով` լցրին քաղաքի փողոցներն ու հրապարակները, հանդիպելով ամեն տեղ սրտագին ընդունելության, որ տղամարդիկ արտահայտում էին բարձրագոչ կեցցեներով և ցնծության աղաղակներով, իսկ կանայք` տների բարձունքից ծաղիկներ, կանաչ ոստեր ցրվելով։

Գուրգենդուխտ թագուհին սպասում էր թագավորին Մայր եկեղեցում։ Նրան շրջապատել էին պալատական տիկնայք ու իշխանուհիները։ Այդտեղ ամենքի սիրտն էլ ուրախ և երեսները