Այս էջը հաստատված է

շրջապատող պալատականների, իշխանների և իշխանուհիների ներկայությամբ չկարողացավ հարցնել ոչինչ։

Բայց երբ կարգապետից իմացավ, որ թագավորն իր հետևորդներով ս. Առաքելոց եկեղեցին պիտի գնա, իսկ նրանք վերադառնան պալատ, կանչեց յուր մոտ Գոհար իշխանուհուն և շշնջալով ասաց նրան.

-Իմացիր սպարապետից, թե ո՛ւր թողեցին եղբորս...

-Նա այստեղ քաղաքումն է,-պատասխանեց Գոհարը։

-Գիտեմ, բայց որտե՞ղ է բանտարկված։

-Ասում են թե նրան ս. Առաքելոց տարան։

-Ս. Առաքելո՞ց, և ինչո՞ւ համար,-հարցրեց թագուհին վախեցած։

-Չգիտեմ...

-Հարցրու ուրեմն սպարապետին, իմացիր, ի՞նչ պիտի անեն նրան. Արքայի խոսքերը լավ բան չէին գուշակում... ես վախենում եմ. սիրտս ճմլվում է... Գնա՛, իշխանուհի. գնա՛ տեղեկացիր, եթե մի դժբախտ որոշում են արել, պիտի աշխատենք արգելել...

-Իսկույն, մեծափառ թագուհի,-ասաց իշխանուհին և դիմեց դեպի Գոռը՝ որպեսզի նրա միջոցով տեսնվի ամուսնու հետ։

Թագուհու և պալատական տիկնանց դեսպակներն արդեն հեռանում էին եկեղեցուց, երբ վերջապես Գոհար իշխանուհուն հաջողվեցավ տեսնվիլ սպարապետի հետ։

-Ո՞ւր տարան Բերին, իշխան, և ի՞նչ են ուզում անել նրան,-հարցրեց տիկինը։

-Ինչո՞ւ համար ես հարցնում, սիրելի իշխանուհի,-դարձավ Մարզպետունին կնոջը։

-Կամենում եմ իմանալ...

-Ուղարկեցինք ս. Առաքելոց եկեղեցին։

-Բայց ինչո՞ւ համար։

-Որպեսզի աղոթե այնտեղ։

-Աստվա՜ծ իմ, դու կատա՞կ ես անում,-բացականչեց իշխանուհին։

-Իսկ դո՞ւ։

-Ես լրջորեն եմ հարցնում։