-Դեռ ոչ, թագուհի՛... դեռ...:
-Լա՛վ, պատմի՛ր, հետո ի՞նչ ասաց իշխանը։
-Այն ասաց, որ արքայորդին սիրում էր այդ աղջկան։
-Այդ իմացա։ Բայց հետո չհարցրի՞ր, թե ինչպե՞ս է սկսվել այդ չարաբաստիկ սերը։
-Ինչպե՛ս չէ, հարցրի և նա հետևյալն ասաց.
«Գևորգ նահապետի մահվանից առաջ Աշոտ արքայորդին դեռ պատանդ էր Ափշինի մոտ։ Նույն այն ներքինապետը, որ Սևորդյաց նահապետին սպանեց, մտերիմ բարեկամ էր Սմբատ թագավորին։ Վերջինս, երբ Նահապետի մահվան լուրը լսեց, մեղադրական դրեց ներքինապետին` այնպիսի անմեղ մարդը սպանելուն համար։ Ներքինապետը որպեսզի թագավորի սիրտն ամոքե, Ատրպատական վերադառնալուն պես, Ափշինից ծածուկ, ազատեց Աշոտ արքայորդուն և մի քանի իշխանազն հայ կանանց և ուղարկեց Սմբատին։ Թագավորն իհարկե շնորհակալ եղավ ներքինապետին։ Իսկ Աշոտ արքայորդուն անմիջապես ուղարկեց Ուտիք` Սևորդյաց սգավոր իշխանուհուն մխիթարելու։ Այստեղ ահա երիտասարդ Աշոտը տեսնում է Սևորդյաց գեղանի օրիորդին և վրան սիրահարվում»։
-Եվ հաստատապե՞ս սիրահարվում։
-Այո՛, և իբրև ապացույց` Մարզպետունի իշխանը հիշում է մի դեպք, որ արժանի է ուշադրության։
-Այսի՞նքն։
-Երբ Յուսուփի հրամանով բռնավոր Գադիկ Արծրունին յուր և հագարացի զորքերով ընկնում է Սմբատ թագավորի ետևից` նրան բռնելու կամ սպանելու համար, Սմբատ թագավորը յուր զորքերը տալիս է Մուշեղ և Աշոտ որդիների ձեռքը և ուղարկում նրանց Գագիկի դեմ։ Երկու եղբայրները հանդիպելով բռնավորին` սկզբում զորավոր ջարդ են տալիս հագարացի զորքերին։ Բայց վերջը Սևորդիների գունդը, որին զորավարում էր Աշոտը, դավաճանում է յուր զորապետին և խույս տալիս կռվի ճակատից։ Այդպիսով հայոց բանակը թուլանում է և հաղթվում է, իսկ Մուշեղը, որ առյուծի պես էր կռվում, գերի է ընկնում թշնամու ձեռքը։
Մարզպետունի իշխանն ասում էր, թե այդ դեպքը մինչև