Այս էջը հաստատված է

Ժ

ՀԵՐՈՍԻ ՎԱԽՃԱՆԸ

Աբաս թագավորն այնուհետև յուր ուշադրությունը նորեն յուր երկրի ներքին բարեկարգության վրա դարձրեց, աշխատելով ընդ նմին դաշնակից իշխանների հետ ունեցած բարեկամությունն ամրապնդել, իսկ դժգոհ իշխանների մտերմությունը վաստակել։

Այդ բանի համար հաջող առիթ եղավ յուր նորաշեն կաթողիկեի նավակատյաց հանդեսը, որ նա կատարեց 943 թվականի աշնանը։

Այդ հանդեսին, թագավորի հրավիրանոք, ներկա եղան՝ Անանիա կաթողիկոսը, որ նոր էր Աղթամարա աթոռը բարձրացել, Հայաստանի նախագահ եպիսկոպոսները, Վասպուրականի թագավոր Աշոտ-Դերենիկը, Աղձնյաց, Մոկաց և Տուրուբերանի տերերը, Սյունյաց, Գուգարաց, Տայոց և այլ տեղերի իշխանները, այլև Սահակ Սևադայի Դավիթ որդին և ուրիշ շատ նշանավոր մարդիկ ու աշխարհախումբ բազմություն։

Այն բոլորի ներկայությամբ Կարսի արքայաշեն կաթողիկեն օծելուց, մի քանի օր շարունակ շքեղ տոներ ու հանդեսներ կատարելուց ետ, Մարզպետունի Գևորգ իշխանի առաջարկությամբ կազմվեցավ հայկական իշխանապետությանց մի ընդհանուր դաշնադրություն, որի զորությամբ բոլոր հայ իշխանները, նախարարները և թագավորող տները՝ կապվում, միանում էին ի մի սիրտ և հոգի և երդմամբ պարտավորվում, որ հայրենիքի որևէ մի մասին վտանգ սպառնացած դեպքում՝ ամենքը միահամուռ զինվեն հակառակորդի դեմ և պատրաստ լինին Արարատյան նախագահ արքայի հրամանով գործելու։

Այդ դաշնադրությունը կարդաց նոր օծված կաթողիկեում ինքը Անանիա կաթողիկոսը և նրան ստորագրեցին Արարատյան ու Վասպուրականի թագավորները և բոլոր հայ իշխանները, ընդ նմին և երդվելով՝ սուրբ և անխախտ պահել այդ միությունը, որ պիտի ծառայեր ընդհանուր հայրենիքի զորացման և հայ ժողովրդի մշտական բարօրության: