Աբաս թագավորն այնուհետև մեծագին ընծաներով պատվեց յուր բարձրաստիճան հյուրերին, որոնք և բաժանվեցան նրանից մտերմական սիրով։
Բայց թագավորն իշխաններից մի քանիսին առանձին շնորհների արժանացրեց։ Այսպես` օրինակ, Աղձնյաց և Մոկաց տերերին, որոնք իրանց մշտապատրաստ զորքերով օգնում էին արքայական բանակին, նվիրեց նոր կալվածներ և տվավ իշխանապետության տիտղոս։
Սյունյաց հարազատներին, որոնք սկզբից մինչև վերջը հավատարիմ մնացին գահին, նվիրեց իրանց նահանգի սահմանակից մի քանի գավառներ։
Վահրամ սեպուհին, որ Աշոտ արքայի ձախողակ օրերից արդեն միացել էր Մարզպետունու հետ և անձնվիրաբար մասնակցել նրա կրած նեղությանց, մղած կռիվներին և տարած հաղթանակներին, կարգեց լիազոր վերակացու Ուտյաց և Աղվանից աշխարհների վրա, հատկացնելով նրան այն բոլոր արդյունքներն ու իրավունքները, որ վայելում էր Ցլիկ-Ամրամը Աշոտ֊Երկաթի օրով։
Իսկ Սահակ Սևադայի որդուն, այն է` Դավիթ իշխանին, կարգեց նորեն Գարդմանա տեր, տալով նրան այդ երկրի իշխանությունը, որպեսզի այդպիսով` արքայական գահի դեմ ունեցած գժտությունը, որ սկսված էր Աշոտ-Երկաթի օրով, մեջտեղից վերացնե։
Եվ որովհետև այդ միջոցներում Սահականույշ թագուհին Երազդավորսից քաշվել էր յուր հայրենի երկիրը` Գարդման, որպեսզի կյանքի մնացորդը յուր եղբոր հետ անցուցանե, ուստի Աբաս թագավորը` ի պատիվ այրի թագուհու` նվիրեց նրա եղբորը նաև Աղվանից երկրի մի քանի գավառները։
Գալով Գևորգ Մարզպետունուն, թագավորը չգիտեր ի՛նչ արժանավոր հատուցումն անե այդ իշխանին, որի անզուգական հայրենասիրությանն էր պարտական ինքը՝ յուր գահի հաստատությունը, իսկ հայրենիքը՝ յուր բարօրությունը։
-Իմ բոլոր թագավորության մեջ չկա այնպիսի մեծագին գանձ, որով կարողանամ քո երախտիքը փոխարինել,-ասաց նա մի օր Մարզպետունուն յուր բոլոր իշխանների ներկայությամբ.-Միակ և արժանավոր պարգևը «Հայրենյաց