Այս էջը հաստատված է

սրահի մեջ և աստուծո օրհնությունը կիջեցնե Մարզպետունյաց տան վրա, որի ժառանգներն եք դուք...։

Ծերունին լռեց։ Գոռն ու Շահանդուխտր ծունկ խոնարհեցին նրա առաջ և ջերմագին համբուրելով նրա աջը, խոստացան սրբությամբ կատարել այդ արժանավորագույն հոր սրբազան պատվերը:

_______

Աբաս թագավորն իմացավ, որ ծերունի իշխանը օրըստօրե տկարանում է, ուստի դիմեց նրա մոտ, իմանալու համար, թե ո՞ւր կկամենար, որ մահվանից հետո յուր մարմինն ամփոփեին։

-Իմ երդումն արգելում է ինձ թաղվել Գառնիում,-ասաց իշխանը.-թաղեցե՛ք իմ հայրենիքի ո՛ր անկյունում որ կկամենաք։

-Կցանկանայի քո մարմինը տանել Բագարան և թաղել Բագրատունյաց պայազատների դամբարանում,-ասաց թագավորը։

-Բագարա՞ն... այո՛, տա՛ր ինձ այնտեղ, բայց մի՛ թաղիր քո հարց դամբարանում։ Այնտեղ, այո՛, թաղված են քո նահատակ հայրը և նահատակ եղբայրը. կցանկանայի հանգչել դրանց մոտ։ Բայց այնտեղ թաղված է նաև Աշոտ բռնավորը։ Կյանքը հեռացրել է ինձ այդ դավաճանից, մահը չպիտի միացնե։

-Ու՞ր կցանկանաս ուրեմն,-հարցրեց թագավորը։

-Ամփոփի՛ր, ինձ միջնաբերդի առաջ, ժայռերի բարձրության վրա, որտեղից կարողանամ հսկել Աշոտ բռնավորի շիրմին... որպեսզի նա յուր շուրջն ամփոփված սրբերին չդավաճանե...-պատասխանեց իշխանը նվաղած ձայնով։

Մի քանի օրից ետ «Հայրենիքի բարերարը» յուր արդար հոգին ավանդեց։

Ամբողջ արքունիքը, աթոռանիստ Կարսը և Արարատյան երկրները սգացին նրա մահը, իսկ Աբաս թագավորը արքայավայել հուղարկավորություն պատրաստեց «մեծ հայրենասերի» համար։