Այս էջը հաստատված է

ԾԱՆՈԹԱԳՐՈԻԹՅՈՒՆՆԵՐ

«Գևորգ Մարզպետունի» պատմավեպը առաջին անգամ տպագրվել է 1896 թվականի «Արձագանք» լրագրում, 35-40, 42-43, 45, 47-50, 52-54, 57, 59, 61-62, 69, 70, 72-74, 77, 79-81, 84, 86, 88-89, 91, 93-95, 98-100, 103-104, 107, 109-110, 118-119, 121-122, 125-127, 130-133, 136-137, 139-143, 146-150 համարներում:

Առանձին գրքով հրատարակվել է միայն հեղինակի մահից հետո՝ 1912 թվականին, Թիֆլիսում։

Այնուհետև տեղ է գտել չորսհատորյակի չորրորդ և հինգհատորյակի երրորդ հատորներում։ Մի քանի անգամ հրատարակվել է առանձին, ինչպես և թարգմանաբար:

Մուրացանագիտության մեջ իշխում է այն կարծիքը, որ Շուշու հրդեհից հետո, երբ այրվեց «Գևորգ Մարզպետունու» մշակված օրինակը, Մուրացանն այլևս ժամանակ չի ունեցել վեպը վերամշակելու: Սակայն 1912 թվականի հրատարակության և «Արձագանքում» տրված տեքստի համեմատությունը ցույց է տալիս, որ Մուրացանը երկրորդ անգամ է ձեռնարկել վեպը վերամշակելու աշխատանքին, բայց մինչև վերջ հասցնել չի կարողացել: Փոփոխություններ է մտցրել միայն վեպի առաջին մասում: Այդ մասը 7-ի փոխարեն բաժանել է 12 գլխի, ճշտել է պատմական վայրերի՝ բերդերի, տաճարների նկարագրությունները, ինչպես և կատարել է լեզվա-ոճական որոշ փոփոխություններ: Ուշագրավ է, որ ըստ «Արձագանք»-ի, Գոռը վեպի սկզբում 18 տարեկան է, ըստ 1912 թվականի հրատարակության՝ 20:

Տպագրվում է ըստ 1912 թվականի հրատարակության։

Համեմատված է «Արձագանք»-ում տպագրված տեքստի հետ: