թագավորին կաթողիկոսարանում ընդունեցին, իսկ ափխազաց Գուրգեն իշխանին` Աբաս արքաեղբոր ապարանքում։
-Երևի այդտեղից էլ սկսվեցավ կաթողիկոսի բարեկամությունը Ատրներսեհ թագավորի հետ։
-Այո՛, ինչպես որ իմ տագր Աբասի բարեկամությունը` ափխազաց Գուրգեն իշխանի հետ։ Բայց առաջինի բարեկամությունը գոնե վնաս չբերավ մեզ, մինչդեռ երկրորդը յուր ծանր հետևանքներն ունեցավ։
-Միակ պատճառը դարձյալ մի աղջիկ։ Եթե Աբաս արքաեղբայրը չամուսնանար Գուրգեն իշխանի դստեր հետ, ծանր հետևանքները տեղի չէին ունենալ։
-Հարկավ, հայ աղջիկը գժտություն չէր գրգռիլ հարազատ եղբարց մեջ։ Բայց մի ափխազուհու համար ինչ արժեք ուներ մեր երկրի խաղաղությունը։ Բայց թողնենք այդ... ի՞նչ էի ասում։
-Պատմում էիր, թե ձեզ ընդունեցին արքայի պալատում ...
-Այո՛, այնտեղ ընդունեցին։ Չեմ կարող նկարագրել, թե ինչպիսի՜ անձկությամբ էի փափագում տեսնել երիտասարդ թագավորին, այն դյուցազնին, որ այնքան կարճ ժամանակում ընկճեց, խորտակեց թշնամու զորությունը, մաքրեց երկիրը բռնավորներից, ազատեց ժողովուրդը ստրկությունից, գրավեց ու գերեց իշխանների սիրտը և նրանց բոլորին ոգևորեց այնքան, որ միմյանց դեմ ունեցած ամեն գժտություն մոռանալով` եկան ժողովվեցան յուր շուրջը, արքայական թագով յուր արժանավոր գլուխը պսակելու։ Առաջին անգամ, երբ պիտի ներկայանայինք իրան, սիրտս տրոփում էր ուրախությունից և երկյուղից։ Ուրախ էի, որ վերջապես պիտի տեսնեմ այսքան ժամանակներից ի վեր ցանկացածս դյուցազնին և... վախենում էի, թե միգուցե նա անտարբերությամբ ընդունե ինձ... Օ՛, Սեդա, չգիտե՜ս, թե որքան հպարտ էի ես այն ժամանակ, ամոթից կարող էի մեռնել...։
-Եվ ինչո՞ւ, թագուհի, միթե արքայորդին կզլանա՞ր յուր իշխանազն հյուրերին պատշաճավոր հարգանք նվիրելու։
-Բայց ես, Սեդա, չէի կամենում հասարակ հյուրերի կարգը դասվիլ. ես ուրիշ ընդունելություն էի սպասում նրանից.