մայր-թագուհին: Ի՜նչ բարի, ի՜նչ հրաշալի կին էր նա։ Թեպետ թագավոր ամուսնու նահատակությունը ժամանակից առաջ ընկճել էր խեղճին, սակայն նախկին գեղեցկության հետքերը նշմարվում էին տակավին յուր ազնվաշուք և վեհապանծ դեմքի վրա: «Ե՛կ, իմ հպարտ օրիորդ, վաղուց կամենում էի տեսնել քեզ, որ այնքան համառությամբ մեր բոլոր իշխաններին մերժեցիր...», ասաց նա ծիծաղադեմ և գրկելով ինձ` ջերմությամբ համբուրեց։ Մինչև այսօր էլ իմ միակ սիրելի զարդը այն ոսկի մանյակն է, որ նա տվավ ինձ, իբրև նշանտուքի առհավատչյա... Տո՛ւր ինձ այդ մանյակը, Սեդա, ես կամենում եմ նորից նայել նրան,-հրամայեց թագուհին։
Սեդան վեր կացավ և բերավ այն մանյակը, որ մի երկու ժամ առաջ հանել էին նաժիշտները թագուհու պարանոցից։
-Տե՛ս, փոքր է նա, բայց գողտրիկ, գեղեցիկ։ Երբե՛ք, երբեք չպիտի բաժանվեմ նրանից, և երբ մեռնեմ, Սեդա, անպատճառ ասա՛, որ դնեն այդ իմ դագաղում...
-Սիրելի թագուհի, ի՜նչ տխուր բաների վրա ես մտածում. թող մեռնեն քո թշնամիները կամ նրանք, որոնք բեռն են աշխարհի համար։
-Բայց չէ, ի՛նչ եմ ասում, նա ինձ չէ պատկանում։ Այո՛, այն վայրկյանը, որ այս մանյակը իմ պարանոցը պատեց, կյանքիս մեջ ունեցած ամենաերջանիկ վայրկյանն էր։ Օ՜, երբե՛ք, երբեք չպիտի մոռանամ սրան։
-Ինչպե՞ս, մայր-թագուհին հենց առաջին այցելության ժամանա՞կ նվիրեց այդ,-հարցրեց Սեդան հետաքրքրությամբ։
-Ոչ. ես դեռ չպատմեցի, Երկու օրից հետո կատարվեց արքայական հանդեսը: Սուրբ Գրիգոր կաթողիկնեն լցված էր ծայրե ի ծայր: Այդտեղ էին` Հովհաննես կաթողիկոսը, բոլոր նախաթոռ եպիսկոպոսները, արքայազուններ, նախարարներ, իշխաններ, ազատ տիկնայք, իշխտնուհիք և իշխանազն օրիորդներ: Բայց այդ բոլորի մեջ միակ ընտրյալը, միակ գեղանին Աշոտ դյուցազնն էր: Բոլորի հայացքը նրան էր հառած, բոլորի ժպիտը նրան էր ուղղված, բոլորի միտքը նրանով զբաղված: Եվ հանդեսի սկզբից մինչև վերջ գեղանի իշխանուհիների աչքերը չհեռացան նրանից: Օ՜, ես դեռ չգիտեի, թե