ի՜նչ իրավունք ունիմ նրա վերաբերմամբ, բայց և այնպես նախանձում էի, որ նա գեղեցիկ և հրապուրիչ էր այդքան շատ աչքերի համար... Օրհնության վսեմ աղոթքները միայն մեղմեցին մի փոքր մեր հափշտակության խանդը և ստիպեցին մեզ սուրբ հայրերի հետ միասին աղոթել նորապսակ թագավորի կենաց և հաջողության համար։ Օ՜հ, ի՜նչպես վսեմ, ի՜նչպես ջերմեռանդություն ներշնչող էին այդ աղոթքները։
-Երանի՜ քո աչքերին, թագուհի, որ տեսել ես այդ հանդեսը, և ականջներին` որոնք լսել են այդ օրհնությունները. չմեռնեի և արժանանայի մի օր... Բայց ի՞նչ եմ ասում. աստված թող իմ թագավորի կյանքը երկարե...
-Այո՛, Սեդա, վսեմ և սրտաշարժ մի հանդես է դա։ Զարմանում եմ, թե ինչպե՛ս այդ հանդեսով օծվող թագավորը կարողանում է խոտորիլ ուղղության ճանապարհից, և ինչպե՜ս այդ հանդեսին երդվող իշխանները դավաճանում են նրան։ Երբ կաթողիկոսը արքային յուր հարցերն անելուց հետո դարձավ և հարցրեց ժողովրդին` «Խնդրե՞ք կալ ի ներքոյ սորին իշխանութեանն, որպես խոստացան պահել ձեզ. և ուղիղ հավատով կամի՞ք հաստատել զսորա թագաւորութիւն. և կատարիցէ՞ք զսորա հրամանն` հնազանդութեամբ»,-բոլոր եկեղեցին միաբերան գոչեց. «այո՛, այո՛ , տեր մեր է և թագավորը մեր»։
Բայց այսօր քանի՞սն են նրան հնազանդ և ո՞ր իշխանը չէ ապստամբ։
-Ա՜խ, սիրելի թագուհի, պատմի՛ր, աղաչում եմ, ինչպե՞ս են թագով պսակում. իսկ աղոթքներից ոչ մեկը չե՞ս հիշում...
-Դրանք շատ երկար են, Սեդա, պատմել անկարելի է. պետք է տեսնել, լսել։ Ամենից առաջ սուրն են տալիս թագավորին...
-Սո՞ւրը։
-Այո՛, անպատճառ սուրը. հետո արքայական մատանին, ապա թագը։
-Իսկ աղոթքնե՞րը։
-Ամեն մեկի համար առանձին են կարդում։
-Օրինակ` ի՞նչ են ասում սուրը տված ժամանակ. այդ